Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու. Շարմազանովը մեկնաբանել է Հոգլանդի հայտարարությունը
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական դրույթների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության մեջ սենսացիա փնտրելու կարիք չկա, քանի որ դա հեռացող համանախագահի հայտարարություն է, ով որևէ նոր բան չի ասել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ ամերիկացի համանախագահները պրակտիկա ունեն հեռանալուց հետո տեղեկացնել, թե ինչ փուլում է բանակցային գործընթացը կամ ինչի հիման վրա են եղել դրանք: «Այն ավելորդ աղմուկի հետ, որ այսօր կա մեր մամուլում ես համաձայն չեմ: Նախ, Հոգլանդը որևէ նոր բան չի ասել: Բոլոր սկզբունքների մասին խոսք է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահների բազմաթիվ հայտարարություններում»,- ասաց Շարմազանովը: Նա հավելեց, որ ղարաբաղյան հիմնահարցում հրապարակայն մակարդակով գոնե վերջին տարիներին երբեք չի եղել մի հայտարարություն, որտեղ Ֆրանսիան, ՌԴ-ն ու ԱՄՆ-ն չլինեն միակարծիք: «Բոլոր հայտարարությունները երեք համանախագահ երկրների հայտարարություններն են: Մենք տեսանք, որ մինչ այս Հոգլանդը ևս մեկ հայտարարություն արեց դիպուկահարներին առաջին գծից հեռացնելու, վստահության մեխանիզմների ամրապնդման վերաբերյալ, որը նախկինում նույնությամբ ասել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: «Հոգլանդի խոսքում որևէ նորություն չկա: Միգուցե, սա պայմանավորված էր նրանով, որ մարդը հեռանում էր և ցանկանում էր ևս մեկ անգամ խոսել դրա մասին»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը` հստակեցնելով, որ Հոգլանդի ներկայացրած կետերը Մադրիդյան սկզբունքների, այնուհետև կազանյան փաստաթղթի հիմքն են: Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքում պետք է լինի ԼՂ-ի ժողովրդի պարտադիր կամարտահայտությունը: «ԼՂ-ը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, ԼՂ-ի միջազգային ճանաչումը ժամանակի հարց է, խնդրի առանցքն ԼՂ-ի ժողովրդի պարտադիր կամարտահայտությունն է հանրաքվեի միջոցով: Փոխզիջումներ պետք ե՞ն: Իհարկե, առանց փոխզիջումների չի լինի, սակայն, մինչ այդ մասին խոսելը, Ադրբեջանը պետք է ցույց տա, թե որն է իր փոխզիջումը: Իսկ Մադրիդյան սկզբունքներից կամ դրա նորացված տարբերակից` Կազանյան փաստաթղթից, հրաժարվել է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը, իսկ սովորաբար մարդկային տրամաբանությունը հուշում է, որ հրաժարվում է այն կողմը, որին ձեռնտու չէ: Եվ եթե այս տեսանկյունից նայենք, այսօր բանակցային գործընթացը մերժում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Դրա համար ևս մեկ անգամ իմ գործընկերներին կոչ եմ անում այս հայտարարությունից որևէ սենսացիա չսարքել»,- ասաց Շարմազանովը: ՀՀ ԱԺ փոխնախագահը, եզրափակելով խոսքը, նշեց, որ բանակցային գործընթացը գնում է երեք հայտնի սկզբունքների հիման վրա` խաղաղ կարգավորում, ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն, որոնցից ինքնորոշման իրավունքի և խաղաղ կարգավորման սկզբունքներն Ադրբեջանը մերժում է:
Armenpress.am