Հաջորդ «Եվրասիական շաբաթը» տեղի կունենա Երեւանում
Աստանայում օգոստոսի 24-26-ը անց է կացվում «Եվրասիական շաբաթ» համաժողովը։
Համաժողովի ծրագրում ընդգրկված են 30 թեմատիկ քննարկումներ տնտեսության 13 ճյուղերի վերաբերյալ, որոնք միության համար ռազմավարական նշանակություն ունեն։
Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալներ Հովհաննես Ազիզյանը եւ Էմիլ Տարասյանը։
Հովհաննես Ազիզյանը «ԵՏՄ-Իրան. Տրանսպորտային եւ լոգիստիկ միջանցքի բարելավում» քննարկման ընթացքում ներկայացրել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի ծրագիրը՝ որպես այլընտրանքային միջանցիկ ճանապարհ Իրանից դեպի եվրասիական եւ եվրոպական շուկաներ՝ հաշվի առնելով Հայաստանի դերը որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միակ ԵԱՏՄ անդամ-երկիր»։
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը եւ Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը ներկայացրել են նաեւ Իրանի սահմանակից գոտում ստեղծվող Ազատ տնտեսական գոտու ծրագիրը որպես եւս մեկ լոգիստիկ հնարավորություն, որը Իրան-ԵԱՏՄ առեւտրաշրջանառությունը մեծացնելու եւս մեկ միջոց է՝ մատնանշելով, որ համատեղ ձեռնարկություններն էլ կարող են զարգացնել Իրանի եւ Եվրասիական միության միջեւ առեւտրատնտեսական կապերը։
«ԵԱՏՄ թվային փոխակերպում. Նոր հայացք տնտեսությանը» քննարկման ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է. «Հայաստանն ունի մտավոր եւ կադրային բավական մեծ ներուժ, հայկական տեխնոլոգիական ընկերությունները հաջողությամբ համագործակցում են խոշոր անդրազգային ընկերությունների հետ: Այս գործոնները կարեւոր նախադրյալ են թվային տնտեսության զարգացման համար, ինչը կնպաստի Հայաստանի առաջխաղացմանը այս ուղղությամբ: ԵԱՏՄ թվային օրակարգը արդյունավետ մեխանիզմ է միության անդամ երկրների թվային միասնական տարածքի կազմավորման եւ գործունեության համար, ինչը հնարավորություն կստեղծի ԵԱՏՄ անդամ երկրների թվային տնտեսությունների զարգացման, տնտեսական առաջընթացի, տեխնոլոգիական եւ սոցիալական նոր մակարդակի անցման համար»:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշմամբ «Եվրասիական շաբաթ» համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Երեւանում։
News.am