Հայաստանը և Վրաստանը խորացնում են հարաբերությունները տնտեսական մրցակցության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/armenia-i75923-Հայաստանը_և_Վրաստանը_խորացնում_են_հարաբերությունները_տնտեսական_մրցակցության_ոլորտում
Հայաստանի և Վրաստանի բոլոր ներդրումային ընկերությունները լիարժեք աջակցություն կստանան երկու երկրների մրցակցային մարմինների կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2017 16:09 Asia/Tehran
  • Հայաստանը և Վրաստանը խորացնում են հարաբերությունները տնտեսական մրցակցության ոլորտում

Հայաստանի և Վրաստանի բոլոր ներդրումային ընկերությունները լիարժեք աջակցություն կստանան երկու երկրների մրցակցային մարմինների կողմից:

Տնտեսական մրցակցության ոլորտում երկկողմանիորեն հավասար և փոխշահավետ համագործակցություն ստեղծելու նպատակով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը և Վրաստանի մրցակցային գործակալությունը նոյեմբերի 9-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը և Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրին կարևորեցին մրցակցային բարենպաստ միջավայրի որոշիչ դերը տնտեսության զարգացման գործում: Նրանք նախանշեցին այն հիմնական ուղղությունները, որոնք առաջիկա նոր համագործակցության հիմք են հանդիսանալու: «Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերությունները մշտապես զարգացել են ակտիվ և դինամիկ: Այսօր մեր երկրում գործում է վրացական կապիտալի մասնակցությամբ ավելի քան 300 ընկերություն: Ի ուրախություն մեզ, բավականին մեծ է նաև հայկական ընկերությունների ներկայացվածությունը Վրաստանում, իսկ հատկապես վերջին տարիներին նոր ընկերությունների մուտքն առանձնապես ավելացել է: Այդ իսկ պատճառով այսօր մենք առանձնակի կարևորում ենք բարենպաստ տնտեսական միջավայրի զարգացումը` փոխադարձ մրցակցային հավասար և բարեխիղճ պայմանների առկայությամբ»,- նշեց Արտակ Շաբոյանը: ՏՄՊՊՀ նախագահի խոսքով` երկու երկրները գտնվում են միևնույն տարածաշրջանում և ունեն խորը տնտեսական կապեր, ինչը հնարավորություն կտա այս կամ այն ապրանքային շուկայում իրականացնել ուսումնասիրություններ, անհրաժեշտության դեպքում նաև վարույթներ, իսկ մրցակցային մարմինների միջև անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը կլինի ավելի օպերատիվ և արդյունավետ: «Քանի որ Հայաստանը ներմուծող ապրանքների զգալի մասը ներկրում է հենց Վրաստանի տարածքով, ապա մեզ համար շատ կարևոր է մի շարք ապրանքային շուկաների գնագոյացման վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության ստացումը` գերիշխող ապրանքային շուկաներում ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով»,- ասաց Շաբոյանը: Շաբոյանն ընդգծեց, որ վրացական բոլոր այն ներդրումային ընկերությունները, որոնք Հայաստանում կհանդիպեն մուտքի խոչընդոտների կամ մրցակցային այլ խնդիրների, լիարժեք աջակցություն կստանան ՀՀ մրցակցային մարմինների կողմից` հասնելով հարցի արագ և արդյունավետ լուծման. «Եվ, բնականաբար, հակառակը. բավականին մեծ թվով ընկերություններ ունենք, որոնք ներկայացված են Վրաստանում, նրանց շահերը ևս կպաշտպանվեն արդյունավետ կերպով»: Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրին նշեց, որ ստորագրված հուշագիրը ավելի կխորացնի և կամրապնդի արդեն իսկ ձևավորված համագործակցությունը:

«Վստահ եմ, որ մեր երկրների միջև արդեն իսկ ձևավորված հարաբերությունները, ինչպես նաև այսօր ստորագրված հուշագիրը կնպաստեն տնտեսական մրցակցության բնագավառում համագործակցության էլ ավելի խորացմանը` համատեղ գործառույթների իրականացման, տեղեկատվության փոխանակման և շատ այլ առումներով»,- շեշտեց Խադուրին:

Armenpress.am