ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25¬ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Համայն Վրաստանի ԿաթողիկոսՊատրիարք Իլյա Երկրորդի հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն բարեկամ երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր: Նախագահ Սարգսյանը կայցելի նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն և Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում Նախագահը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի:
Armenpress.am