Հայ-վրացական հարաբերությունները նոր հարթություն են տեղափոխվում. վրացագետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i79699-Հայ_վրացական_հարաբերությունները_նոր_հարթություն_են_տեղափոխվում._վրացագետ
Հայ- վրացական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են գտնվում թե տնտեսական, թե քաղաքական հարթությունում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2017 11:43 Asia/Tehran
  • Հայ-վրացական հարաբերությունները նոր հարթություն են տեղափոխվում. վրացագետ

Հայ- վրացական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են գտնվում թե տնտեսական, թե քաղաքական հարթությունում:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը: «Այդ մակարդակը թույլ է տալիս ասելու, որ այդ հարաբերությունները մշտապես զարգանալու, ընդլայնվելու տեղ, ներուժ ունեն: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան ևս մեկ անգամ փաստում է կողմերի միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը և հնարավորությունների ընդլայնման ձգտումները»,-ասաց Ալիկ Էրոյանցը: Նա նկատեց, որ Վրաստանի վարչապետի այցի հետաձգումը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց, նույնիսկ ոմանք հայ-վրացական հարաբերությունների համատեքստում դա սկանդալային որակեցին, սակայն այսօր տեսնում ենք հայ-վրացական հարաբերությունների շարունակական խորացումը: Վրացագետի խոսքով՝ ՀՀ նախագահի այցելությունը Վրաստան առանձնանում է այն հանգամանքով, որ Հայաստանն այսօր ԵՄ-ի հետ ստորագրել է համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: «Հայաստանի ու Վրաստանի հարաբերությունները, կարծես, նոր հարթություն են տեղափոխվում՝ այն առումով, որ Վրաստանը երկար տարիներ է հետևում է եվրոպական ուղղությանը: ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո Հայաստանի ու Վրաստանի երկխոսությունն ավելի անկաշկանդ կարող է լինել»,-ասաց նա: Ալիկ Էրոյանցը կարևոր համարեց Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը կարող է օգտվել Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքով բեռներ տեղափոխելու հնարավորությունից: Դա այլընտրանք կարող է լինել Վերին Լարսին: Ալիկ Էրոյանցը նկատեց, որ այս հայտարարությունը հնչեց ՀՀ նախագահի՝ Վրաստան կատարելիք այցից առաջ: Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից: 2008 թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Հայաստանի եւ Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության եւ օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ձեւավորված է միջխորհրդարանական հանձնաժողով, որը համանախագահում են երկու երկրների խորհրդարանների նախագահների տեղակալները: Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է տնտեսական միջկառավարական համագործակցության հանձնաժողով, որը գլխավորում են երկու պետությունների վարչապետները: Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է նաեւ հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողով:

Armenpress.am