Իրանը Telegram-ի հետ բանակցություններ է վարում մեսենջերի աշխատանքը վերականգնելու համար
Իրանի տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների նախարարությունը բանակցություններ է վարում Telegram-ի հետ՝ երկրում արգելափակված մեսենջերների աշխատանքը վերսկսելու նպատակով։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը:
«Իրանի կապի նախարարությունը ներկայում բանակցություններ է սկսել Telegram-ի և որոշ այլ հարթակների հետ՝ համաձայնության հասնելու նպատակով։ Եթե խորհրդի կանոնակարգով նշված պայմանները կատարվեն, Իրանում այդ հարթակների աշխատանքը կվերականգնվի»,- ասվում է հրապարակման մեջ:
2024 թվականի սկզբին Իրանի կիբեռտարածության հարցերով բարձրագույն խորհրդի ընդունած բանաձևով սահմանվել են երկրում արգելափակված մեսենջերների աշխատանքի վերսկսման կոնկրետ պայմանները:
Ըստ այդ փաստաթղթի՝ որպեսզի երկրում աշխատեն օտարերկրյա մեսենջերները, պետք է հաշվի առնվեն այնպիսի պայմաններ, ինչպիսիք են ազգային անվտանգության, հայրենական ծագման սոցիալական հարթակների աշխատանքի, ինչպես նաև հասարակության հոգեբանական անվտանգության ապահովումը։