Քանանին դատապարտել է Շվեդիայում սուրբ Ղուրանի անարգումը
Դատապարտելով Շվեդիայում սուրբ Ղուանի անարգումն ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին այդ երկրի իշխանություններին խնդրել է կանխել նման դեպքերի կրկնությունը:
Շվեդիայի վերաքննիչ դատարանի կողմից Ղուրանն այրելու նպատակով կազմակերպված ցույցի անցկացման արգելքի չեղարկումից երկու շաբաթ անց, ոստիկանությունը Ղորբանի տոնի օրը թույլ է տվել անցկացնել ակցիա, որի ժամանակ այրվել է Ղուրանի օրինակ:
Արձագանքելով Շվեդիայի ոստիկանության այս քայլին, Նասեր Քանանին նշել է. «Երկնային կրոնի սրբության նկատմամբ անարգանքը, հատկապես մուսուլմանների տոնի օրը, սադրիչ, չմտածված և անընդունելի արարք է»:
Անդրադառնալով կրոնների նկատմամբ հարգանքը խթանելու միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների ջանքերին՝ Քանանին ասել է. «Սուրբ գրքերը վիրավորելը բռնության և ատելության օրինակ է և հակասում է մարդու իրավունքների հիմնական արժեքներին»։
Նա նշել է. «Իրանի կառավարությունն ու ժողովուրդը, ինչպես աշխարհի մյուս մուսուլմաններն ու ազատամիտները, խստորեն դատապարտում են նման քայլերը»։
Ավելի վաղ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը նույնպես դատապարտել էր սուրբ Ղուրանի պղծումը և իսլամական սրբությունների դեմ ատելության տարածումը Շվեդիայում:
Նա իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր. «Խոսքի ազատությանն աջակցելու պատրվակով աշխարհի մուսուլմանների զգացմունքները վիրավորելը և իսլամաֆոբիան չպետք է դառնա սովորական պրակտիկա որոշ եվրոպական երկրներում, որոնք հավակնում են լինել մարդու իրավունքների պաշտպան»: