Ավարտվել են ԻԻՀ բանակի ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i207066-Ավարտվել_են_ԻԻՀ_բանակի_ԱԹՍ_ների_համատեղ_զորավարժությունները
Չորեքշաբթի օրն ավարտվել են Իրանի բանակի ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունները:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 05, 2023 06:46 Asia/Tehran

Չորեքշաբթի օրն ավարտվել են Իրանի բանակի ԱԹՍ-ների համատեղ զորավարժությունները:

Զորավարժությունների խոսնակ, բրիգադի գեներալ  Ալիռեզա Շեյխը հայտարարել է. «Զորավարժությունների ընթացքում հետախուզական, մարտական, հարձակողական և էլեկտրոնային ԱԹՍ-ները հաջողությամբ իրականացրել են սահմանված առաջադրանքները»:

Նշելով, որ ԱԹՍ-ների երկկողմանի զորավարժություններն անցկացվում են առաջին անգամ, Ալիռեզա Շեյխը հավելել է. «Զորավարժություններին ներգրավված է եղել 200 ԱԹՍ: Զորավարժությունների օպերատիվ տարածքը ներառել է երկրի բոլոր շրջանները, Պարսից ծոցը, Հորմուզի նեղուցը և Օմանի ծովը»:

Ընդգծելով, որ զորավարժությունների ընթացքում կիրառված բոլոր ԱԹՍ-ները կառուցվել են Իրանում, Շեյխը հավելել է. «Ընդհանրապես, զորավարժությունների ընթացքում կիրառված բոլոր թռչող սարքերը, զենքը, հրամանատարական ու կառավարման համակարգերը, տեղական արտադրության էին»:

Նրա խոսքով. «Զորավարժություններում ներգրավված ԱԹՍ-ներն ինչպես նաև սպառազինությունն ու օպտիկական սարքավորումները, կառուցվել են ԻԻՀ բանակի, պաշտպանության նախարարության  երիտասարդ մասնագետների կողմից, մասնավոր հատվածի, հատկապես՝ գիտահեն ընկերությունների համագործակցությամբ»: 

Զորավարժության խոսնակը հավելել է. «Զորավարժության ընթացքում,  մարտական գործողություններին զուգահեռ, իրականացվել են նաև մարդասիրական միջոցառումներ, ինչպիսիք են շարժական հոսպիտալի ստեղծումը և  առողջապահական և բժշկական ծառայությունների մատուցումը»:

Նա նշել է. «Զորավարժության ուղերձն Իրանի թշնամիներին այն է, որ եթե մտածեն որևէ սադրանքի մասին, ապա Իրանի բանակի ԱԹՍ-ների ուժը երկրի երկաթե բռունցքներից միայն մեկն է, որը կհարվածի նրանց: Նրանք նաև պետք է պատրաստվեն ԻԻՀ ԶՈՒ հզորության թաքնված կողմերին»։

Բրիգադի  գեներալ Ալիռեզա Շեյխը նշել է. «Իսլամական Իրանի զսպող ուժն այնքան մեծ է, որ համակարգի թշնամիները չեն կարող մտածել մեր երկրի վրա հարձակվելու մասին, և  ես մեր բարեպաշտ և հեղափոխական ժողովրդին ասում եմ՝ ձեր զավակները մինչև մահ  կանգնած են ազգի ու համակարգի գաղափարների պաշտպանության ճանապարհին և ցանկացած ագրեսորի ձեռքը կկտրեն մինչև գործի անցնելը»։