Մեկնաբանություն - Իսրայելի միջուկային զինանոցը սպառնալիք է համաշխարհային խաղաղության համար
Սահաբ- ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանն ու մշտական ներկայացուցիչ՝ Ամիր Սաիդ Իրավանին Սիոնիստական ռեժիմի միջուկային զինանոցը համարել է լուրջ սպառնալիք տարածաշրջանի և աշխարհի խաղաղության ու անվտանգության hամար։
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին տեղական ժամանակով չորեքշաբթի օրը կայացած Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրվա առիթով Գլխավոր ասամբլեայի գումարած նիստում ասել է,-Այս օրը նշելը հնարավորություն է Միջազգային հանրության համար՝ ստիպել Իսրայելին առանց որևէ նախապայմանի միանալ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին (NPT) և իր բոլոր միջուկային օբյեկտները դնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիակատար վերահսկողության ներքո:
Վտանգավոր համարելով Միջազգային հանրության լռությունն ու անգործությունը տարածաշրջանի երկրների դեմ Իսրայելի միջուկային սպառնալիքների նկատմամբ, Իրավանին ասել է, որ տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն և կայունություն ապահովելու համար այս ռեժիմի գործունեությունն ու գաղտնի միջուկային ծրագրերը պետք է մյուս երկրների նման համապատասխան կառույցների հսկողության տակ լինեն։ Միջուկային փորձարկումների դեմ միջազգային օրվա ճանաչումը ցույց է տալիս միջազգային հանրության երկարամյա հանձնառությունը՝ դադարեցնելու միջուկային զենքի մշակումը, տարածումը և փորձարկումը և հարգանքի տուրք մատուցելու այդ զենքի զոհերին: Միջուկային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օրն անցկացվում է այն դեպքում, երբ այդ զենքերի տեր երկրները, ներառյալ ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմը, շարունակում են գաղտնի զարգացնել իրենց կործանարար միջուկային ծրագրերը:
Ըստ միջազգային զեկույցների՝ 1945 թվականից ի վեր իրականացվել է մոտ 2000 միջուկային փորձարկում, որից միայն ԱՄՆ-ն իրականացրել է 1054-ը և շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագրերը։ 1950 թվականից Ֆրանսիայի և ԱՄՆ-ի օգնությամբ Սիոնիստական ռեժիմը հետապնդելով միջուկային ծրագրեր, այդ թվում՝ կառուցելով «Դիմոնա» էլեկտրակայանը և ստեղծելով տասնյակ միջուկային մարտագլխիկներ, սպառնալիք է դարձել տարածաշրջանի և աշխարհի համար։
Այս աշխատանքները շարունակվում են այն դեպքում,երբ Իսրայելի ռեժիմը մինչ այժմ համապատասխան կառույցներին թույլ չի տվել ստուգումներ անցկացնել իր անօրինական միջուկային օբյեկտներում և չի ստորագրել միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։ Նման պայմաններում Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ վերջին տարիներին Իրանի խաղաղանպատակ միջուկային ծրագրերի առաջընթացի պատրվակով դաժան պատժամիջոցներ է կիրառել Թեհրանի դեմ։
ԱՄՆ-ն, Եվրոպան և Իսրայելն այն դեպքում են կեղծ պնդումներ անում Իրանի խաղաղանպատակ միջուկային գործունեության վերաբերյալ,երբ հակառակ Իսրայելին, Իրանի միջուկային գործունեությունը կանոնավոր կերպով վերահսկվում է, և կամավոր քայլերի շրջանակում ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցությունը շարունակվում է,իսկ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին բազմիցս անդրադարձել է գործակալության հետ Իրանի լավ համագործակցությանը։
Բացի այդ, Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով կրոնական և բարոյական համոզմունքների վրա, աշխարհին հայտարարել է միջուկային զենքի արտադրությունն ու օգտագործումն հարամ (արգելված) լինելու մասին և այդ հարցը պաշտոնապես արձանագրել է ՄԱԿ-ում։ Այնուամենայնիվ Իրանի խաղաղանպատակ միջուկային գործունեության դեմ Արևմուտքի քարոզչական աղմուկի շարունակումը ցույց է տալիս, որ այդ երկրները փորձում են շեղել հասարակական կարծիքը իրենց և Սիոնիստական ռեժիմի միջուկային զինանոցներից շանտաժ անելով և կրկնելով անհիմն պնդումները Թեհրանի դեմ և փաստերը գլխիվայր շուռ տալով Իրանին ներկայացնել որպես օրինազանց երկիր միջուկային հարցերում։ Չնայած այս դավադրություններին, Սիոնիստական ռեժիմի միջուկային զինանոցի հարցը մի քանի տասնամյակ դարձել է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի երկրների գլխավոր մտահոգություններից մեկը, և այս տարածաշրջանի շատ երկրներ պահանջել են ապամոնտաժել այն։
Իսրայելը, որն աշխարհում ունեցել է ամենակենտրոնացված ու ինտենսիվ և միևնույն ժամանակ ամենագաղտնի միջուկային գործունեությունը, մինչ այժմ չի ընդունել NPT-ի անդամակցությունը։ Իսրայելը շարունակում է միջուկային զենք ստեղծել Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի աջակցության լույսի ներքո: Փաստորեն, ԱՄՆ-ն, որպես Իսրայելի ռազմավարական դաշնակից, ոչ միայն եղել է Սիոնիստական ռեժիմի համար միջուկային նյութերի և սարքավորումների հիմնական մատակարարներից մեկը, այլև միշտ կանխել է այս ռեժիմի վրա որևէ ճնշման գործադրումը՝ NPT-ին միանալու համար: