ԻԻՀ ԱԳՆ Բեյրութում հանդիպել է լիբանանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ
ԻԻՀ ԱԳՆ Աբբաս Արաղչին հունիսի 3-ի առավոտյան ժամանել է Բեյրութ, որտեղ նա մեկօրյա այցի շրջանակներում հանդիպել և բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի և արտաքին գործերի և արտագաղթողների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։
Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Բեյրութ ժամանելուց հետո իր առաջին ելույթում Արաղչին նշել է, որ Իրանն աջակցում է Լիբանանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը։
«Ոչ մի երկիր իրավունք չունի միջամտել Լիբանանի ներքին գործերին։ Իրանը կաջակցի Լիբանանին՝ սիոնիստական ռեժիմի օկուպացիայի դեմ», - ասել է նա՝ ընդգծելով, որ, իհարկե, դա նշանակում է, որ բարեկամ երկիրն աջակցում է Լիբանանում իր ընկերներին և ոչ մի մտադրություն չունի միջամտել Լիբանանի գործերին։
Լիբանանյան լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Աբբաս Արաղչիի հետ հանդիպման ժամանակ նախագահ Ջոզեֆ Աունը նշել է, որ «Լիբանանն ակնկալում է ամրապնդել հարաբերություններն Իրանի հետ»։
«Լիբանանի դեմ Իսրայելի պատերազմի ավերվածությունների վերականգնումն առաջնահերթություններից մեկն է, որի համար մենք աշխատում ենք կառավարության հետ՝ եղբայրական և բարեկամ երկրների հետ համագործակցելով», - ասել է Աունը։