Զարիֆ. Ամերիկացիների մուտքը Սիրիա սրելու է անկայունությունը
ԻԻՀ ԱԳ նախարարն ուրբաթ օրը Մյունխենի անվտանգության համաժողովին առընթեր ԱՄՆ-ի «Սի Էն Էն» հեռուստակայանին տված հարցազրույցում ընդգծել է. «Սիրիայում ռազմական ներկայության համար ԱՄՆ-ի կառավարության նախագիծը միայն հանգեցնելու է տարածաշրջանում ու աշխարհում անկայունության սրմանը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հիշեցնելով ամերիկացի զորայինների միջոցով Իրաքի բռնազավթման փորձը, որը հանգեցրեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ձևավորմանը, նշել է. «Սիրիայում արտասահմանյան ռազմական ներկայությունը միայն պատրվակ է ծառայելու ահաբեկչական խմբերի կողմից զրկված խավերի երիտասարդների միջից նոր անդամագրումներ կատարելու համար»:
«Նրանք ովքեր ստեղծել են ԻԼԻՊ-ը նրանք են ովքեր Իրաքի կործանված բռնապետ Սադդամ Հոսեյնին զենք տրամադրեցին և ծնունդ տվեցին ու զինեցին Ալ-Ղաիդան»,-հայտարարեց Զարիֆը:
Զարիֆն անդրադառնալով ԱՄՆ-ի նոր վարչակազմի հակաիրանական քայլերին, ասել է. «Նրանք ովքեր նախկինում սպառնացել են Իրանին, գիտակցում են, որ իրանցիները երբևէ չեն կարևորել սպառնալիքի լեզուն և միայն պատասխանում են փոխադարձ հարգանքին ու համատեղ շահերին»:
«Օբաման համոզվեց նստել բանակցության սեղանին, քանի որ շրջափակումները ձախողեցին»,-հավելել է ԻԻՀ ԱԳ նախարարը հիշեցնելով, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման նախ փորձեց շրջափակումների զենքը, սակայն ի վերջո հանձնվեց Իրանի ժողովրդի կամքի դիմաց:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ Իրանի միջուկային համաձայնության պահպանման կապակցությամբ միջազգային համաձայնություն գոյություն ունի: «Բոլորն, այդ թվում ամերիկացի փորձագետներ գիտեն, որ սա ամեն տեսակետից ոչ միայն Իրանի, այլ նաև ԱՄՆ-ի համար հնարավոր ամենահարմար համաձայնությունն է»:
ԻԻՀ ԱԳ նախարար Մյունխենի անվտանգության 53-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ուրբաթ առավոտյան ժամանել է Գերմանիայի Բայերն նահանգի Մյունխեն քաղաք: