Նոյեմբեր 10, 2017 08:06 Asia/Tehran
  • Զարիֆն անդրադարձել է Եմենի ճգնաժամի կարգավորման համար Իրանի չորս կետանոց նախագծին

ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Եմենի ճգնաժամի կարգավորման համար Իրանի չորս կետանոց նախագիծն այդ երկրում բախումներին վերջ տալու միակ լուծումն է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն իր թուիթերյան անձնական էջում կատարած գրառման մեջ անդրադառնալով 2015 թվականին ՄԱԿ-ին ներկայացված Եմենի ճգնաժամի կարգավորման համար Իրանի չորս կետանոց նախագծին, գրել է. «Նախագիծը ներառում է հրադադարի հաստատում, հումանիտար օժանդակությունների առաքում, միջեմենական երկխոսություն ու Եմենում համապարփակ կառավարության ձևավորում»:

«Այսօր, երկուս ու կես տարի անց և Եմենում մեծ թվով զոհերի առկայությամբ հանդերձ այդ նախագիծը շարունակում է ուժեղ լինել»,-հայտարարել է Զարիֆը:

2015 թվականին՝ Եմենի դեմ Արաբիայի գլխավորած կոալիցիայի հարձակումներից կարճ ժամանակ անց, ԻԻՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին հղած նամակում ահազանգելով Եմենում տիրող ծանր պայմանների կապակցությամբ, ընդգծել է. «Արտասահմանյան ավիահարվածները բացահայտ կերպով ոտնահարում են միջազգային ամենատարրական սկզբունքները և անտեսում  ՄԱԿ-ի հռչակագրի նպատակներն ու սկզբունքները, հատկապես՝ բռնի ուժ գործադրելուց հրաժարվելու անհրաժեշտությունը»:

Նամակում նաև նշված էր, որ Եմենի ճգնաժամը ռազմական լուծում չունի և խաղաղության ու կայունության հաստատման միակ ուղին այնպիսի պայմանների ստեղծումն է, որոնց դեպքում եմենական բոլոր կուսակցություններն առանց արտաքին միջամտության կկարողանան կազմել ազգային  կառավարություն:

 

Պիտակ