Բորուջերդի. «ԱՄՆ-ի քաղաքականությունների պատճառով տարածաշրջանում տիրող ճգնաժամը շարունակվում է»
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «ԱՄՆ-ի միլիտարիստական քաղաքականությունները և միջազգային պայմանագրերի, այդ թվում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի խախտումը հանգեցրել են տարածաշրջանում տիրող ճգնաժամի ու անկայունության շարունակմանը»: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
Այսօր Թեհրանում Վրաստան-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ՝ Շալվա Կիկնավալիձեի հետ հանդիպման ժամանակ Ալաեդդին Բորուջերդին ցավ է հայտնել Եմենում տիրող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ:
«Եմենում խաղաղ բնակիչների սպանությունը ԱՄՆ-ի կողմից Արաբիային ցուցաբերվող ուղղակի աջակցության արդյունքն է»․ասել է նա:
Անդրադառնալով ահաբեկչության դեմ պայքարում Թեհրանի սկզբունքային քաղաքականությանը, Բորուջերդին հավելել է.«Զարգացումը պահանջում է կայուն անվտանգության հաստատում և աշխարհի բոլոր երկրների պայքարը»:
Նշելով, որ Իրան-Վրաստան խորհրդարանական հարաբերությունների ու համագործակցությունների ասպարեզում բազում հնարավորություններ կան, Բորուջերդին կարևորել է երկկողմ համագործակցության ընդլայնումը:
Վրաստան-Իրան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ՝ Շալվա Կիկնավալիձեն ևս կարևորել է Թբիլիսի-Թեհրան համագործակցության զարգացումը: