Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է ֆրանսիական Thales Group-ի ներկայացուցիչների հետ
(last modified Mon, 20 Jan 2020 14:09:59 GMT )
Հունվար 20, 2020 17:39 Asia/Tehran
  • Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է ֆրանսիական Thales Group-ի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Thales Group-ի՝ միջազգային զարգացման հարցերով Լատինական Ամերիկայում և Եվրասիայում գլխավոր փոխնախագահ Հերվե Դեմանի և ընկերության նախկին փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի հետ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Զրուցակիցները շարունակել են ընկերության ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և համագործակցության հավանական ուղղությունների շուրջ քննարկումները:Նրանք անդրադարձել են նորագույն տեխնոլոգիաների ոլորտում գործակցությանը, մասնավորապես, արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը:Եվս մեկ անգամ ընդգծելով Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համագործակցության իրենց պատրաստակամությունը` ընկերության ներկայացուցիչներն ասել են, որ Հայաստանը ունի բարձրակարգ մարդկային կապիտալ, լավ կրթական ու տեխնոլոգիական հիմքեր, ինչը Thales-ի նման ընկերության համար շատ կարևոր է և ամուր հիմք է ստեղծում արդյունավետ համագործակցության համար:

armenpress.am