Պարսից ծոցի ազգային օրն ընդգծում է այս տարածքի հավերժական ինքնությունը
Պարսից ծոցը նույնքան հին է, որքան Իրանի հողի պատմությունը: Այս ծովային տարածքի անվանումը շեշտում է տարածաշրջանի պատմության ինքնությունը:
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհին, ապրիլի 29-ին նշվող Պարսից ծոցի ազգային օրվա կապակցությամբ հղած ուղերձում, այս պատմական օրը համարել է առիթ ՝ ևս մեկ անգամ վերհիշելու իրանական մշակույթի, քաղաքակրթության և արվեստի հազարամյա պատմությունը:
Պատմական աղբյուրների համաձայն, Պարսից ծոցը մարդկության քաղաքակրթության օրրանն է: Քաղաքակրթություն, որին պարտական է համայն մարդկությունը:
Իրանում ապրող բոլոր էթնիկ խմբերը պահպանել են այս արժեքավոր ժառանգության մասին հիշողությունը, և Պարսից ծոցի անունը իրանցիներին հիշեցնում է աշխարհում իրանական մշակույթի և քաղաքակրթության փառքի, մեծության և ոսկե պատմության մասին:
ՄԱԿ-ի քարտուղարությունը հայտարարել է, որ տարածքը կոչվում է Պարսից ծոց ՝ ըստ պատմական մեծ թվով փաստաթղթերի, ատլասների և աշխարհագրական քարտեզների: Այդ փաստաթղթերի թվում է նաև բանաձևը, որը ստորագրվել է 1984 թվականի օգոստոսին: Հույն աշխարհագրագետ Անաքսիմանդերի համաշխարհային քարտեզը, Հեքաթեոսի համաշխարհային քարտեզը և հայտնի աստղագետ ու աշխարհագրագետ Կլավդիոս Պտղոմեոսի քարտեզն այս պատմական փաստաթղթերից են:
Միևնույն ժամանակ, Պարսից ծոցն իր աշխարհագրական և քաղաքակրթական արժեքների շնորհիվ եղել է գաղութատեր և ագրեսոր տերությունների մրցակցության և բախման ասպարեզը: Պարսից ծոցում օտարերկրացիների ներկայության ժամանակահատվածներից մեկը պորտուգալացիների 150-ամյա իշխանությունն էր այս տարածքում և Հորմուզի նեղուցում, որն ավարտվեց 1621 թվականի ապրիլի 30-ին:
Այս օրը Պարսից ծոցի ազգային օր է անվանվել տարածաշրջանի պատմության և ինքնատիպության վերաիմաստավորման նպատակով: Բրիտանացի գաղութարարները նույնպես նպատակ ունեին թալանել Պարսից ծոցի հարստությունը, սակայն ի վերջո ստիպված եղան լքել տարածաշրջանը: Բրիտանացիները չորս անգամ հարձակում իրականացրեցին Բուշեհրի դեմ: Սակայն Իրանի ժողովուրդը, Ռաիս Ալի Դելվարի և Ահմադ Խան Թանգստանի ղեկավարությամբ հաղթեց գաղութատիրության դեմ պայքարում: Եվ այսօր այդ պայքարը մղվում է ԱՄՆ-ի դեմ:
ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, Թվիթերում արած գրառման մեջ նշելով, որ ամերիկացիները չեն կարող գտնել իրենց ուղին Պարսից ծոցի ջրերում, հավելել է. «Պարսից ծոցի անունը կար 2 հազար տարի առաջ, երբ գոյություն չուներ Միացյալ Նահանգներ պետություն: Կամ նրանք չգիտեն Պարսից ծոցի անունը, կամ չգիտեն թե ինչ գործ ունեն Իրանի ափերի մոտ, իրենց երկրից 7 հազար մղոն հեռավորության վրա»:
Պարզապես պետք է հայացք նետել անցլայալին ու մենք կտեսնենք, որ Պարսից ծոցն արժեքավոր ժառանգություն է, որն ունի պատմական ինքնություն և անգամ եթե այս ծոցին հազարավոր ուրիշ անուններ տան, այն հավերժ մնալու է Պարսից ծոց: