Մեկնաբանություն. Ֆրանսիայում Համապարփակ անվտանգության օրենքի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են
Ֆրանսիայի ավելի քան 90 քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, շարունակվում են բողոքի ցույցերը՝ «Համապարփակ անվտանգության ակտ» կոչվող վիճահարույց օրինագծի, մասնավորապես դրա 24-րդ հոդվածի դեմ:
Շաբաթ օրը տեղի ունեցած ցույցի մասնակիցները օրենքի դեմ ուղղված կարգախոսներ են վանկարկել: Օրինագծի ընդունումը, որն արգելում է ոստիկանության աշխատակիցներին նկարահանելն ու տեսանյութերը համացանցում տարածելը, ժողովրդական բողոքի նոր ալիք է բարձրացրել երկրում:
Վերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովը ընդունեց «Համապարփակ անվտանգության մասին» վիճահարույց օրենքի նախագիծը: Օրինագիծը քրեականացնում է հերթապահություն իրականացնող ոստիկաններին նկարահանելը և տեսանյութը համացանցում տարածելը, որպես պատիժ սահմանելով տուգանք կամ ազատազրկում: Օրինագծի 24-րդ հոդվածի համաձայն՝ համացանցում ոստիկանության սպաների և ժանդարմների պատկերների տարածման համար, նախատեսվում է մինչև մեկ տարի ազատազրկում և 45000 եվրո տուգանք: Օրինագիծը, որը սպասում է Ֆրանսիայի Սենատի վերջնական հաստատմանը, մերժվեց հասարակության կողմից, սակայն օրենսդիրները հայտարարեցին, որ որոշ փոփոխություններ կատարելուց հետո այն կրկին կներկայացնեն հաստատման:
Օրինագծի հակառակորդները պնդում են, որ «Անվտանգության համապարփակ ակտը» սահմանափակում է լրատվամիջոցների ազատությունը: Քաղաքացիական խմբերը և ԶԼՄ-ների ներկայացուցիչները նույնպես մտահոգված են, որ այդ քայլը խոչընդոտելու է մամուլի ազատությանը և նպաստելու է ոստիկանների կողմից գործադրվող բռնությունների աճին: Վերջերս սոցիալական ցանցերում հրապարակվել էր տեսանյութ, որում ոստիկանը Փարիզում ծեծի էր ենթարկել սևամորթ քաղաքացուն: Եթե օրենքն ընդունվի, Ֆրանսիայի ոստիկանությունը գործողությունների աննախադեպ ազատություն կունենա բողոքողների և այլախոհների հետ գործ ունենալիս, հատկապես ցույցերի և քաղաքացիական հավաքների ժամանակ: Ֆրանսիայում «Դեղին բաճկոնավորների» շարժման կողմից կազմակերպված ցույցերի ընթացքում ոստիկանության և անվտանգության ուժերի կողմից ցուցարարների նկատմամբ բռնության ցուցանիշը չափազանց մեծ էր: 2018-ի նոյեմբերին սկսված շարժման ընթացքում առնվազն 10 մարդ զոհվեց, և հազարավոր մարդիկ վիրավորվեցին, որոնց մի մասը կորցրեց տեսողությունը ոստիկանության և հատուկ նշանակության ջոկատների կողմից հատուկ զենքի կիրառման պատճառով: Այժմ մտավախություն կա, որ ոստիկաններին նկարահանելու արգելքը, հատկապես ցուցարարների հետ գործ ունենալիս, կարող է էապես մեծացնել նրանց կողմից բռնությունների գործադրման հավանականությունը:
Դեկտեմբերի 3-ին հրապարակված զեկույցում, ՄԱԿ-ի փորձագետները հայտարարել են, որ եթե Ֆրանսիան ընդունի «Համապարփակ անվտանգության մասին» օրենքի նախագիծը, այդպիսով կխախտի մարդու իրավունքների միջազգային օրենսդրությունը և օրենքը պետք է վերանայվի:
Ֆրանսիայի կառավարության կողմից օրինագծի ներկայացումը և դրա նախնական հաստատումն Ազգային ժողովում, վկայում է, որ Մակրոնի կառավարությունն անտեսում է անհատական և սոցիալական իրավունքներն ու ազատությունները: Միևնույն ժամանակ, Ֆրանսիան բազմիցս քննադատել է այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակը, հատկապես այն երկրների, ովքեր դեմ են արևմտյան տիրապետությանը: Քննադատությունը սակայն, այս պահին ուղղված է Մակրոնի կառավարության դեմ, որը խախտում է բազմաթիվ մարդկանց հատկապես մուսուլմանների իրավունքները:
«Չհանձնվող Ֆրանսիա» կուսակցությունից Ադրիեն Քվատենենսն ասում է. «Այս օրենքը խայտառակություն է Ֆրանսիայի համար: Այն պատճառ է դարձել, որպեսզի Ֆրանսիան հայտնվի միջազգային շրջանակների քննադատության թիրախում»: