Մամուլի տեսություն 27.09.2023
Ամերիկյան լրատվամիջոցներն այս երկրի 2 կուսակցությունների ղեկավարների ծերությունը համարում են ամերիկյան հասարակության անկման նշան։ The NewYorker պարբերականը գրել է, որ անկում ապրող հասարակության մեջ ծերացող առաջնորդների կերպարները կարող են առաջացնել թառամելու և անկման ընդհանուր զգացողությունը:
Քեյհան
Անկում ապրող Ամերիկայի հասարակությունը և մրցակցությունը զառամյալ պաշտոնյաների միջև
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի, և դա այն պայմաններում, երբ հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ չափազանց հիասթափված են ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների թեկնածուներից։ Նրանք Բայդենին համարում են չափազանց ծեր, իսկ Թրամփին՝ չափազանց կոռումպացված։
«USA Today»-ը իր հոդվածում անդրադարձել է առաջիկա ընտրություններում այս երկրի երկու կուսակցությունների նկատմամբ ամերիկացիների դժկամությանը՝ գրելով. «Բացի այն ընտրողներից, ովքեր կողմ կամ դեմ են Բայդենի և Թրամփի մասնակցությանը Ամերիկայի նախագահական ընտրություններին, կան նաև մարդիկ, ովքեր ոչ մեկին չեն ուզում և փնտրում են այլ մեկին»։
Էթելաաթ
Կովկասյան հարցերի լուծումը բանակցությունների միջոցով
Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցում, քննարկելով տարածաշրջանային զարգացումների վերջին իրավիճակը, ընդգծել են Բաքու-Երվան երկխոսության և «3+3»-ի ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան , Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բանակցություններում հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանին առնչվող հարցերում օտարների միջամտությունից խուսափումը։
Ջավան
Jerusalem Post. Նեթանյահուի վերջին այցը Ամերիկա ունեցավ վատագույն արդյունքները
Նեթանյահուի` ԱՄՆ կատարած վերջին այցի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նրա ներկայության վերաբերյալ քննադատությունները շարունակվում են:
Այս ուղևորության մասին վերլուծության մեջ սիոնիստական Jerusalem Post թերթը այն բնութագրել է որպես ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի և Բենիամին Նեթանյահուի ամենաթույլ ներկայությունը:
Պարզաբանելով այս թուլության պատճառները, այս սիոնիստական լրատվամիջոցը նաև գրել է. «Բենիամին Նեթանյահուի և նրա կաբինետի դեմ բողոքի ցույցերի ընթացքը, որը շարունակվում էր այդ երկրի ներսում ընդդեմ դատական բարեփոխումների, տարածվեց նաև Միացյալ Նահանգների վրա, ինչը պատճառ դարձավ, որ ոչ միայն Նեթանյահուն չկարողանա վայելել այս ուղևորությունը, այլև նույնիսկ չկարողացավ հասնել իր ուրվագծած նպատակներին»:
Վաթան Էմրուզ
Հարևանի ամերիկյան հավը
Միացյալ Նահանգների և՛ Դեմոկրատական, և՛ Հանրապետական կուսակցությունների բարձրաստիճան պաշտոնյաները համաձայն են, որ ռազմավարական հակամարտությունները Պարսից ծոցում և Արևմտյան Ասիայում պետք է շարունակական լինեն, որպեսզի այդ հակամարտությունների ստվերում հիմնավորվի Վաշինգտոնի և Եվրամիության խրոնիկական միջամտությունը։ Ավելին, թաքֆիրական ահաբեկչության արտադրումն ու վերարտադրումը արևմտյան պետությունների վտանգավոր մարտավարությունն է, որը տարածաշրջանի կրիտիկական մթնոլորտում միայն կարող է ուժ և համարձակություն ձեռք բերել։
Armenpress.am
Ադրբեջանը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին․ նրա կինը հայտարարություն է տարածել
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում ձերբակալել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարություն է տարածել նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»,- նշել է նա։
Կատարվածի մասին ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները։
Panorama.am
Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական անցակետում կալանավորելու մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի, որ Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանը ձերբակալվել է Հայաստանի Սյունիքի մարզի Գորիս քաղաք մեկնելու փորձի ժամանակ։
Պեսկովի ճեպազրույցն՝ ստորև.
-Կրեմլում գիտե՞ն, որ Վարդանյանին ձերբակալել են Ադրբեջանի սահմանին։
-Ոչ, ճիշտն ասած, ես նման տեղեկություն չունեմ, այս մասին ոչինչ ասել չեմ կարող։ Ամեն դեպքում, նա ՌԴ քաղաքացի է, ունի ՌԴ քաղաքացիություն, ուստի այս կամ այն կերպ պետք է տեղեկություն ստանանք, եթե կալանավորում է եղել։ Սա սովորական պրակտիկա է: Իհարկե, մենք պաշտպանելու ենք նրա իրավունքները։
-Ժամանակին տեղեկություններ կային, որ նա հրաժարվել է քաղաքացիությունից։
- Ես այստեղ վստահ չեմ, ուստի չեմ համարձակվում ստույգ մեկնաբանել, բայց նա ունեցել է դա, եթե նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունը, ապա դա այլ հարց է: Վախենում եմ, որ սխալվեմ, չգիտեմ, թե նրան բերման են ենթարկել, թե ոչ, չգիտեմ՝ ով է բերման ենթարկվել, առհասարակ կալանավորվել է, ունի՞ Ռուսաստանի քաղաքացիություն:
Panorama.am
ԵՄ-ն հայտարարել է, որ Բաքուն միջազգային դիտորդներին թույլ չի տվել Լեռնային Ղարաբաղ մտնել
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ Ադրբեջանը դեռևս հնարավորություն չի տվել միջազգային անկախ դիտորդներին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկելու համար, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին միջազգային հասանելիություն տրամադրել Լեռնային Ղարաբաղ՝ անհրաժեշտ օգնություն ապահովելու համար, ինչպես նաև անկախ մոնիտորինգ անցկացնել տեղի ունեցածի, մասնավորապես, թե ինչպես են վերաբերվում բնակչությանը։ Առայժմ նման հասանելիություն չի ապահովվել»,- հայտնել է Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով, ԵՄ-ն հանդես է գալիս նաև հրադադարի համաձայնություն տված Լեռնային Ղարաբաղի ուժերի համար համընդհանուր համաներում կիրառելու օգտին։
«Այժմ ԵՄ-ի համար՝ ինչպես ինստիտուտների, այնպես էլ անդամ պետությունների համար, կարևոր է հումանիտար հասանելիություն ապահովել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն Լեռնային Ղարաբաղում։ Եվրահանձնաժողովն արդեն օգնություն է հատկացրել, ԵՄ պետությունները պատրաստ են դա անել անհատական կարգով», - պարզաբանել է Ստանոն։
Armenpress.am
Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի աճը
Իսպանիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի թվի աճով և հումանիտար օգնություն կուղարկի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
«Մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում իրենց տները լքող հայերի աճող թվից և պայթյունից, որը հարյուրավոր զոհերի պատճառ դարձավ: Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության մատակարարումը պետք է երաշխավորվեն: Իսպանիայից օգնություն կուղարկվի Միջազգային զարգացման համագործակցության իսպանական գործակալության կողմից»,- գրել է նախարարը «X» սոցիալական ցանցում։
News.am
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է ագրեսիայի ժամանակ 192 զինծառայողի զոհվելու մասին
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ զոհված 192 ադրբեջանցի զինծառայողի մասին։
Գերատեսչության տվյալներով՝ 180 զոհված պաշտպանության նախարարության զինծառայողներ են, 12-ը՝ հանրապետության ՆԳՆ-ի։ Տեղեկացվել է, որ 511 զինծառայող վիրավորումներ է ստացել։
News.am
Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի հետ հարաբերությունները սրելու նախաձեռնողը
Մոսկվան հուսով է, որ Երեւանում կլսեն իր ազդանշանները եւ դրանք կընկալեն պատշաճ ձեւով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարությանը Երեւանի արձագանքի մասին հարցին՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 24-ի ուղերձի հետ։
«...Ես կարծում եմ, որ անգամ խուլը կլսեր, դա միայն Մոսկվայի արձագանքի հարցը չէ, դա ընդհանուր առմամբ այն արձագանքի հարցն է, որը տարածվել է ամբողջ աշխարհով...
Ինչ վերաբերում է շփումներին, դրանք տարբեր մակարդակներում շարունակվում են, եւ մենք ակնկալում ենք, որ մեր ազդանշանները կլսվեն եւ կընկալվեն պատշաճ ձեւով...
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի եղել դրանց սրման նախաձեռնողը, արել է առավելագույնը հայ ժողովրդին աջակցելու համար ամենադժվար իրավիճակներում, այդպես կլինի նաեւ այսուհետեւ։
Մենք ելնում ենք այն բանից, որ բոլոր պայմանավորվածությունները երկկողմ համագործակցության զարգացման գծով այսուհետ եւս կկատարվեն երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով»,- ասել է նա։
Armenpress.am
Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված արդեն 42 հազար 500 անձ. Նազելի Բաղդասարյան
Լեռնային Ղարաբաղից Հայաստան 2023 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 42 հազար 500 անձ, որից 22 հազար 800 անձը հաշվառվել է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսում այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ Կոռնիձորի վրանային կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կամ Գորիսի, կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում։
«4002 անձ ապահովվել է պետության կողմից տրամադրված կացարանով. Սյունիքում՝ 1 465 անձ, Վայոց ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203 և Կոտայքում՝ 20 անձ։
Ընդգծում եմ, որ սա առաջնային օգնությունն է, մեզ համար գերնպատակ է Լեռնային Ղարաբաղի հայերին ապահովել որոշակի կացարանով»,- ասաց Բաղդասարյանը։
Armenpress.am
ԱՄՆ դեսպանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպան Քվինը ծաղկեպսակ է դրել Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել պատերազմում անմահացած զինծառայողների շիրիմներին: