Մամուլի տեսություն 17․11․2023
Գազայի Ալ-Շաֆա հիվանդանոցի տնօրենը ցավալի մանրամասներ է հայտնել այս բժշկական համալիրում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի մասին՝ ասելով, որ երեխաները սովից մահանում են։
Էթեմադ
Իսրայելական բանակի կորուստները հասել են 372-ի
Իսրայելի բանակի խոսնակը հայտարարել է, որ Գազայում «Ալ-Աղսայի Փոթորիկ» գործողության սկզբից ի վեր այս ռեժիմի 372 զինվոր է սպանվել, որոնց մասին տեղեկացվել են նրանց ընտանիքները։
Գործողությունը դանդաղ ու բարձր ճշգրտությամբ շարունակվում Ալ-Շաֆա հիվանդանոցի ներսում, որը մեծ բժշկական համալիր է։
Վաթան Էմրուզ
Պաղեստինցիների ձեռքբերումները
Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես դիմադրության ճակատի ամենակարևոր աջակիցը, իսլամական մարտնչող խմբավորումներին աջակցելու համար անցած տարիների ընթացքում իր դաշնակիցներին է տրամադրել այն ամենը, ինչ ինքը ձեռք է բերել, ինչի վառ օրինակները տեսնում ենք Լիբանանի Հեզբոլլահում, Եմենի Անսարուլլահում, Իրաքի «Հաշդոլ-Շաաբի»-ում և իհարկե, պաղեստինյան մարտիկների մոտ։ Երկրի ներսում նահատակ հրամանատար Հաջ Հասան Թեհրանի Մողադամի ջանքերով իրականացված հրթիռային ոլորտի զարգացմամբ, այդ կարողությունն ու տեխնոլոգիան փոխանցվեց նաև սահմաններից դուրս, հատկապես Գազայի հատված։
Այսօր պաղեստինյան հրթիռների հեռահարությունը Գազայից 3 կմ հեռավորության վրա գտնվող Սդիրութի ավանից հասնում է մինչև հյուսիսում գտնվող Հայֆա և հարավում գտնվող Էյլաթ քաղաքներ։ Այս սովորական, էժան և ինքնաշեն հրթիռները ցույց տվեցին իրենց ունակությունը անցնելու Երկաթե գմբեթից, որը Իսրայելի հակաօդային պաշտպանության ամենակարևոր համակարգն է սպառնալիքներին դիմակայելու համար։ «Ալ-Աղսա Փոթորիկի» գործողությունից անցել է 40 օր և դեռ չեն դադարել ՀԱՄԱՍ-ի հրթիռների արձակումը, իսկ իսլամական դիմադրության հրամանատարները հայտարարել են, որ իրենց պահեստները լցված են այս տեխնիկայով առաջիկա մի քանի ամիսների համար։
Իրան
Ամերիկան դադարեցրել է ռազմական օգնությունը Ադրբեջանի Հանրապետությանը
ԱՄՆ Սենատը այդ երկրի քաղաքականության մեջ մեծ փոփոխության մասին վկայող քայլով հաստատեց 2023 թվականի Հայաստանին պաշտպանելու մասին ակտը, ըստ որի՝ դադարեցվելու է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։
Շարղ
Իսրայելցիները պայթեցրել են հիվանդանոցի ջրատարը․ Ալ-Շաֆա հիվանդանոցի տնօրեն.
«Հիվանդանոցը շրջափակված է, մենք չենք կարող դիակները թաղել, խմելու ջուրը սպառվել է, իսկ իսրայելական բանակը պայթեցրել է հիմնական ջրատարը»․ - ասել է Մուհամմադ Աբու Սալմիեն։
Նա ցավալի մանրամասներ է հայտնել այս բժշկական համալիրում տեղի ունեցող հումանիտար ճգնաժամի մասին՝ ասելով, որ երեխաները սովից մահանում են։ «Al Jazeera Arabi»-ի հետ հեռախոսազրույցում նա խոսել է անհուսալի իրավիճակի մասին, որի ազդեցության տակ են հայտնվել ավելի քան 650 վիրավորներ, 36 վաղաժամ նորածիններ, 45 երիկամային հիվանդություններով տառապող հիվանդներ և 5000 տեղահանվածներ։
Ջավան
Իրանի և Ռուսաստանի միջև երկկողմ բանակցություններ BRICS-ի վերաբերյալ
Այսօր առավոտյան կայացել է Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարների երկկողմ բանակցությունների առաջին փուլը, որը տեղի է ունեցել մեր երկրի տնտեսական դիվանագիտության փոխնախարար դոկտոր Սաֆարի հյուրընկալությամբ:
Այս բանակցությունների ընթացքում Ռուսաստանի փոխարտգործնախարար և BRICS-ի հարցերով այդ երկրի հատուկ բանագնաց Սերգեյ Ռյաբկովը, շնորհավորելով Թեհրանի անդամակցությունն այս խմբում, մատնանշեց 2024թ. Հունվարից իր երկրի նախագահությունը, պարզաբանել է Ռուսաստանի գերակայությունները BRICS-ում իր երկրի նախագահության շրջանում։
Բանակցությունների այս փուլում մտքեր են փոխանակվել տնտեսական, ֆինանսական, առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, խորհրդարանական, գյուղատնտեսության, նորագույն տեխնոլոգիաների, գիտահետազոտական, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի, օդատիեզերական, սպորտի, մշակութային ոլորտներում և երիտասարդության հարցերում BRICS-ի գործունեության, ինչպես նաև BRICS-ի հետագա զարգացման վերաբերյալ։
Armenpress.am
ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն արգելափակող օրինագիծ
ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած՝ «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025 թթ․ համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ այս քվեարկությունը տեղի է ունեցել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի, հայ համայնքի, վերջինիս կոնգրեսական բարեկամների, ԱՄՆ-ում բնակվող այլ ժողովուրդների համայնքային կազմակերպությունների շարունակապես աճող հասարակական ու քաղաքական երկարատև ճնշման պարագայում։
Մեկնաբանելով օրինագծի ընդունումը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նկատել է․
«Մենք շնորհակալություն ենք հայտնում սենատոր Փիթերսին իր առաջնորդության համար և ողջունում ենք Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ որպես Արցախի ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիան զսպելուն ուղղված առաջին քայլ։ Իր հերթին, նախագահ Բայդենը, հաշվի առնելով իր դերը Արցախի էթնիկ զտման գործընթացում Ադրբեջանին զինելու գործում, այս պահին պետք է անի շատ ավելին, քան պարզապես ազդարարի ԱՄՆ գործող օրենսդրության կիրառման պատրաստակամության մասին, օրինակ՝ ԱՄՆ-ն կարող է առաջնորդել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև՝ հաստատելու միջազգային մանդատ, որը կապահովի հայության անվտանգ և կայուն վերադարձ դեպի Արցախ»։
Օրինագծի ներկայացման ժամանակ սենատոր Փիթերսը մանրամասնորեն ներկայացրել է ԼՂ-ի դեմ ադրբեջանական ագրեսիան՝ սկսած շուրջ տասնամսյա շրջափակումից մինչև սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիա։ Վկայակոչելով այն, որ նախագահ Բայդենը, Ադրբեջանի շարունակապես աճող ագրեսիայի պարագայում, չի դադարեցրել վերջինիս տրամադրվող օժանդակությունը՝ Փիթերսը Սենատի իր գործընկերներին հորդորել է գործել, ասելով․
«Եթե մենք քայլեր չձեռնարկենք, երբ երկրները դիտավորյալ անտեսում են իրենց հետ մեր համաձայնագրերի պայմանները, մեր համաձայնագրերը կդառնան իրականում անիմաստ և անատամ: Ես կոչ եմ անում իմ գործընկերներին միանալ ինձ՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար, գործադրելու մեր պայմանավորվածությունները և չհրահրված ագրեսիայի պայմաններում կանգնելու հայ ժողովրդի կողքին»:
Armenpress.am
ԱՄՆ նախագահի թեկնածուն Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակումը ճիշտ քայլ է համարում
ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից «Հայկական պաշտպանության ակտ» օրինագծի ընդունմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը։
«Ամոթալի է, որ ԱՄՆ հարկատուների գումարներն օգտագործվել են Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների հալածանքները ֆինանսավորելու համար։ Զարմացած եմ, որ նախագահի ոչ մի թեկնածու երբևէ չի ընդունել այդ վայրագությունները։ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակումը ճիշտ քայլ է», - գրել է Ռամասվամին X սոցիալական հարթակի իր էջում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025 թվականների համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը շրջանցելու նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։
2002 թվականից ի վեր ամեն տարի Կոնգրեսը Սպիտակ տանը հնարավորություն է տվել հրաժարվել 907-րդ բանաձևի կիրառումից։ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևն ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է սահմանափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ Բաքուն կոնկրետ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները դադարեցնելու ուղղությամբ։
Panorama.am
Ալիևը Փաշինյանից զիջումներ կորզում է բանակցային բոլոր հարթակներում. Արթուր Խաչատրյան
«Ադրբեջանը հրաժարվում է և ԱՄՆ-ի, և ԵՄ-ի միջնորդությամբ բանակցություններից, քանի որ արևմտյան հարթակներում նրանք Հայաստանից պոկեցին այն, ինչ պետք էր»,- խորհրդարաական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ առաջին անգամ արևմտյան հարթակում Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ իրավունք, ճանաչեց Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ։
Ա.Խաչատրյանն ընդգծեց, որ Ալիևի կողմից բանակցություններին մասնակցելուց հրաժարվելը հղի է նոր պատերազմի վտանգով։
Հիշեցնենք, որ Բաքուն հրաժարվել է նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով նախատեսված հանդիպմանը մասնակցելուց։
Ա.Խաչատրյանը նշեց, երբ Փաշինյանը խոսում էր խաղաղության դարաշրջանի մասին, այդ ընթացքում Ադրբեջանը 1,2 միլիարդ դոլարի զենքի գնման պայմանագիր էր կնքում։
«Ինչքան էլ ասես հալվա, բերանումդ չի քաղցրանա։ Երբեք որևէ թուղթ երկրի անվտանգությունը չի երաշխավորել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Հարցին՝ արևմտյան հարթակներից Ալիևը ստանալու բան չունի, իսկ ռուսակա՞ն, Ա. Խաչատրյանը պատասխանեց. «Այս պահին գոնե արևմտյան հարթակներ չեն գնում՝ համարելով իրենց ծրագիրը լուծված։ Ռուսական, 3+3, թուրքական պետությունների կազմակերպության հարթակ ... Դժվար է ասել, բանակցությունները Ալիևը վարում է Փաշինյանի հետ, զիջումները Ալիևը Փաշինյանից կորզում է բոլոր հարթակներում։ Էլ ի՞նչ են պայմանավորվել երկու «կիրթ ու կառուցողական» գործընկերները, չեմ կարող ասել»։
News.am
Հայաստանն ու Ադրբեջանը դիմեցին մեզ այն բանից հետո, երբ հասկացան, որ Ռուսաստանը ազնիվ միջնորդ չէ. Ստանո
Մեր երկկողմ համագործակցությունը մեկի հետ ուղղված չէ մյուսի դեմ. Մենք սեղանի տակից, ինչ-որ սև գործարքներ չենք անում ՝ թաքնված օրակարգով։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, որտեղ խիստ քննադատության էր ենթարկվել ԵՄ-ն, անգամ սպառնալիք էր հնչել, թե ԵՄ-ն համարժեք պատասխան կստանա:
«Եվրամիությունը չէ, որ անկայունություն է հրահրում։ Եվրամիությունը չէ, որ միակողմանի ռազմական քայլեր է անում։ Բայց այն, ինչ տեսանք Լեռնային Ղարաբաղի դեպքում, միակողմանի ռազմական քայլ էր, ռազմական գործողություն սկսել էր՝ չնայած նախկինում հնչեցրած հավաստիացումներին, որ հարցը ռազմական ճանապարհով չի լուծվելու։ Հետևաբար, մինչև ուրիշին մատնացույց անելը, լավ կլինի, որ ոմանք փոքր-ինչ ինքնախոհ լինեն»,-ասել է նա:
Ստանոն հավելել է, որ ԵՄ-ն աշխատում է, որ տարածաշրջանում կայունություն մտցնի՝ կանխելու ռազմական գործողությունները, միակողմանի քայլերը:
«Մենք կանգնած ենք այնտեղ, որտեղ պետք է, որպեսզի պատրաստ լինենք նաև նպաստել կամ շարունակել նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Սա ԵՄ խորհրդի նիստի և ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո վերահաստատեցինք։
Այս շաբաթվա հանդիպմանը մենք կոչ արեցինք Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել բանակցությունները և լուծել բոլոր առկախված խնդիրները՝ խաղաղության պայմանագիրը կնքելու նպատակով։ Իդեալական կլինի, եթե դա լինի մինչև տարեվերջ։ Մենք այստեղ ենք աջակցելու համար, բայց, իհարկե, չենք կարող պարտադրել։ ԵՄ-ն ազնիվ միջնորդ է՝ առանց որևէ թաքնված օրակարգի: Մեր միակ նպատակը խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումն է բոլորի համար»:
Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանական կողմը նախ վերջին պահին հրաժարվեց Գրանադայի հանդիպումից, ապա Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից, Ստատոն ասել է. «Մեր դերը՝ որպես միջնորդ կամ կոորդինատոր, իրականում այս կամ այն կողմի վարքագիծը գնահատելը չէ: Մեր դերը և ջանքերը կենտրոնացած են երկու կողմերի կողքին լինելու վրա, քանի դեռ նրանք ցանկանում են, որ իրենց օգնենք լուծումներ գտնելու հարցում: Մենք միջնորդներ ենք: Մենք չենք կարող պարտադրել, անում ենք հնարավորը։ Իսկ երբ կողմերը պատրաստ լինեն, այն ժամանակ մենք միջնորդում ենք կոնկրետ հանդիպումները։
Մենք պատրաստ ենք շարունակել մեր ծառայություններն առաջարկել այս գործընթացում, քանի որ, ի վերջո, երկու կողմերն էլ դիմեցին մեզ այն բանից հետո, երբ հասկացան, որ Ռուսաստանը ազնիվ միջնորդ չէ, երբ հասկացան, որ չի կարելի իսկապես հույս դնել Ռուսաստանի վրա, քանի որ Ռուսաստանն ունի իր թաքնված օրակարգը։
Իսկ Հայաստանի պարագայում Ռուսաստանը մեծապես չկատարեց Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Այսպիսով, մենք այնտեղ ենք, քանի որ մենք ազնիվ միջնորդ ենք, մենք կանենք հնարավորը, քանի որ մեր լավագույն մոտիվացիան կամ ամենաուժեղ մոտիվացիան մեր սեփական պատմությունն է»,- նշել է նա:
Panorama.am
Վրաստանի պաշտպանության նախարար. Տպավորված եմ ՀՀ պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ և հավելել, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն:
Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել ՀՀ պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությանը: Վրաստանի պաշտպանության նախարարը հավելել է, որ տպավորված է պաշտպանության ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումներով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցությանն ու փորձի փոխանակմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
Armenpress.am
Երևանում սինագոգի հրկիզման փորձն անհանգստացնող է. ՀՀ վարչապետի խորհրդական
ՀՀ վարչապետի խորհրդական և ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արտաշես Թումանյանի խոսքով՝ Երևանում հրեական սինագոգի հրկիզման փորձն անհանգստացնող է, հատկապես որ առաջին անգամ տեղի չի ունենում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Թումանյանը տեղեկացրեց, որ այժմ իրավապահների կողմից կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով, և եթե ապացուցվի միջադեպի միտումնավոր բնույթը, ապա ՀՀ իշխանությունները միարժեքորեն կդատապարտեն կատարվածը։
«Վստահ եմ, որ հայաստանյան հանրության վերաբերմունքը նույնպես կլինի այդպիսին։ Մեր երկրում չկան կրոնական, ազգային կամ այլ բնույթի այլատյացության դրսևորումներ։ Ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեր հասարակության մեջ գերիշխում է հանդուրժողության և փոխադարձ հարգանքի մթնոլորտը։ Ավելին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»,- ասաց ՀՀ վարչապետի խորհրդականն ու ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահը։
Թումանյանը հույս հայտնեց, որ իրավապահները ամեն ինչ կանեն՝ բացահայտելու գրանցված միջադեպի հանգամանքները։
Երևանում նոյեմբերի 15-ին հրեական սինագոգի այրման փորձ է կատարվել։