Մամուլի տեսություն 25․11․2023
ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Գազայում գործող զինադադարը թույլ կտա ԶԼՄ-ներին մուտք գործել Գազա և հող պատրաստել աշխարհում հասարակական կարծիքն էլ ավելի Իսրայելի դեմ հրահրելու համար:
Քեյհան
Ամերիկան անհանգստացած է Գազայում իսրայելական հանցագործությունների մասին լրագրողների հաղորդումների վերաբերյալ
Ամերիկայի իշխանությունները կարծում են, որ որևէ հիմնավորում չկա Գազայի պատերազմի ներկա իրավիճակը Իսրայելի հաղթանակ համարելու համար, բայց միևնույն ժամանակ նրանք անհանգստացած են, որ ներկայիս հրադադարը թույլ կտա ԶԼՄ-ներին մուտք գործել Գազա և հող պատրաստել աշխարհում հասարակական կարծիքն էլ ավելի Իսրայելի դեմ հրահրելու համար։
Այս լուրը հրապարակել է Politico ամսագիրը, և մեջբերելով ամերիկացի պաշտոնյաներին՝ հավելել է. Պատկերացում չկա, որ մի քանի օրվա ընդմիջումը կարող է վերածվել ավելի երկար զինադադարի։ Ինչ վերաբերում է այս ընդմիջման անցանկալի հետևանքներին, ԱՄՆ կառավարությունում մտավախություն կար, որ այն լրագրողներին թույլ կտա ավելի շատ մուտք ունենալ Գազա և ավելի տեսանելի դարձնելով ավերածությունների մասշտաբները՝ էլ ավելի կբորբոքի հասարակական կարծիքը: Ամերիկան անհանգստացած է, որ լրագրողները մոտիկից կտեսնեն ու կհաղորդեն սարսափելի կոտորածի մասին։
Վաթան Էմրուզ
Զրույց Հասան Հանիզադեի հետ՝ դիմադրության դիրքերի ամրապնդման գործում Թեհրանի դիվանագիտության դերի մասին
Գազայի հարցը և Պաղեստինի անմեղ ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները դարձել են համաշխարհային խնդիր: Ամբողջ աշխարհում մարդիկ զանգվածային հավաքներով աջակցում են Պաղեստինի ժողովրդին՝ դատապարտելով այն, ինչ անում է Սիոնիստական ռեժիմը։
Միևնույն ժամանակ, արևմտյան կառավարությունները, հակառակ իրենց ժողովրդի պահանջին՝ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու վերաբերյալ, սկսեցին աջակցել այս ռեժիմին և նույնիսկ ռազմական և լոգիստիկական օգնություն ցուցաբերեցին սիոնիստներին։ Այնուամենայնիվ Սիոնիստական ռեժիմի ձախողումը պաղեստինյան դիմադրությունը ճնշելու գործում ստիպեց Թել Ավիվին համաձայնվել հրադադարին: Նման պայմաններում Իրանի Իսլամական Հանրապետությունը, որպես Պաղեստինի ժողովրդի և դիմադրության հիմնական և կարևորագույն աջակից, նշանակալից քայլեր է ձեռնարկել միջազգային հարթակներում Սիոնիստական ռեժիմին դատապարտելու համար:
Ջամեջամ
Երեկ երեկոյան Պարի Սեն Ժերմեն-Մոնակո ֆուտբոլային խմբերի հանդիպման ժամանակ փարիզյան թիմի երկրպագուները մարզադաշտում պաստառ են պատրաստել, որի վրա գրված էր՝ «Մենք լացում ենք Գազայի համար»։
Էթեմադ
Գազայի պատերազմը մեծացրեց ՀԱՄԱՍ-ի ժողովրդականությունը
Սիոնիստական ռեժիմի 12-րդ ալիքը հայտարարել է, որ Գազայի պատերազմից հետո ՀԱՄԱՍ-ի ժողովրդականության մասին հարցին ի պատասխան՝ Գազայի ողջ ժողովուրդը հայտնել է իր աջակցությունը ՀԱՄԱՍ-ի և նրա հրամանատարների նկատմամբ:
Հորդանան գետի արեւմտյան ափում ամեն 10 հոգուց 9-ը որպես իրենց հերոս ու օրինակելի անձ են ներկայացրել Ղեսամի գումարտակների հրամանատար Մոհամմադ Զեյֆին և Ղեսամի գումարտակների խոսնակ Աբու Օբեյդեին:
Սիոնիստական ռեժիմը, լռության հրաման արձակելով, արգելել է սիոնիստ գերիներին հարցազրույց տալ՝ Գազայի հատվածում Պաղեստինի դիմադրության խմբերի կողմից ազատ արձակվելուց հետո:
Երկու սիոնիստ գերիներ, որոնք ավելի վաղ ազատ էին արձակվել մարդասիրական նկատառումներով, բարձր էին գնահատել ՀԱՄԱՍ-ի մարտիկների մարդասիրական պահվածքը։
Շարղ
Իսրայելը կանչել է Իսպանիայի և Բելգիայի դեսպաններին
Իսրայելը կանչել է Իսպանիայի և Բելգիայի դեսպաններին Ռաֆահի անցակետի եգիպտական հատվածում այս երկու երկրների վարչապետների հայտարարությունների պատճառով։
Իսպանիայի վարչապետն ասել էր, որ Գազայում գործող ժամանակավոր հրադադարը բավարար չէ, և մեզ անհրաժեշտ է մշտական հրադադար։
Նա նաեւ ընդգծել էր, որ եթե Եվրամիությունը քայլեր չձեռնարկի Պաղեստին պետությունը ճանաչելու համար, մենք ինքնուրույն նման որոշում կկայացնենք։
Բելգիայի վարչապետն էլ ասել էր, որ Գազայի բնակիչներն ավելի մեծ օգնության կարիք ունեն, եւ որ ներկայիս ժամանակավոր զինադադարը պետք է դառնա մշտական զինադադար։
News.am
Այո, ժողովրդավարությունը շատ պարագաներում խանգարում է երկրի անվտանգությանը․ Սերժ Սարգսյան
Ես չեմ կարող ասել, թե Հայաստանի կառավարիչներն ինչ քաղաքականություն են վարում, որովհետեւ քաղաքականություն վարել, նշանակում է շարադասել, աստիճանակարգել, եթե ավելի պարզ ասեմ՝ գլխավորը կարեւորից տարբերակել, առաջնահերթությունները նշել եւ այդ ուղղությամբ շարժվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Դա վերաբերում է ինչպես պետություններին, այնպես էլ քաղաքական ուժերին, անհատներին: Հիմա դուք կարո՞ղ եք ասել՝ որն է գլխավորը այս կառավարիչների համար։ Ես կարող եմ ասել, որ մեր ժամանակ գլխավորը երկրի անվտանգության ապահովումն է:
Եկել են, ասում են ժողովրդավարություն, եթե գլխավորը դա է, ապա արդյունքները մենք տեսնում ենք։ Եթե գլխավորը կոռուպցիայի դեմ պայքարն է, ապա արդյունքը տեսնում ենք: Տեսնում ենք Ղարաբաղի կորուստ, տեսնում ենք Հայաստանի տարածքային կորուստներ, խոսքի ազատության սահմանափակումներ, քաղբանտարկյալներ և այլն»,-ասաց նա:
Հարցին՝ այդ կորուստները կոռուպցիայի դեմ պայքարի կամ ժողովրդավարության հետեւա՞նքն են. երրորդ նախագահը պատասխանեց. «Այո, ժողովրդավարությունը շատ պարագներում խանգարում է երկրի անվտանգությանը և ես չեմ վախենում խոսել դրա մասին։ Դրանք հակադրության մեջ են մտնում։ Դա չի նշանակում, որ ժողովրդավար երկիրը ավելի քիչ անվտանգ է, քան ոչ ժողովրդավարական երկրները։ Մեր երկիրը փորձում է ժողովրդավարության այն ճանապարհը, որը կարելի է անցնել 1 ժամում, անցնել 5 րոպեում, դրա համար էլ գլորվում է»,- ասաց Սարգսյանը։
Armenpress.am
Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ
Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի Թագավորության միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն: Արձանագրությունը ստորագրվել է Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի և Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից:
Mamul.am
««Միջանցքի» հարցն Ալիևի հարցը չէ, նա գործիք է». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ասում են՝ Ադրբեջանը վախենում է ամերիկյան պատժամիջոցներից և դրա համար չի հարձակվում «միջանցք» գրավելու: Ընդ որում, սա ասում են անձինք կամ խմբեր, որոնք մի քանի ամիս կամ շաբաթ առաջ էլ ասում էին, թե ինչ-ինչ, բայց Արցախում էթնիկ զտում ԱՄՆ-ն Ադրբեջանին թույլ չի տա, դա «կարմիր գիծ է» ԱՄՆ-ի համար:
Հիմա այդ ասող գործիչների մի զգալի մասը հավաստիացնում է, որ «ամերիկյան պատժամիջոցից վախենալով» Ադրբեջանը չի գնում «միջանցք» գրավելու:
Իհարկե, անհեթեթ կլինի ասել, թե Ալիևը թքած ունի պատժամիջոցների վրա, թեև ինքնին շատ բան կախված է պատժամիջոցի աստիճանից, թե հատկապես ի՞նչ կարգի պատժամիջոցի մասին է խոսքը:
Բայց, ընկերներ, «միջանցքի» հարցն Ալիևի հարցը չէ, դա նրա տրամաչափի հարց չէ, նա այդ հարցում առավելագույնը կարող է լինել «գործիք»: Այդ հարցը աշխարհաքաղաքական առանցքային, հիմնարար հարցերից մեկն է, որտեղ բախվում են մի շարք ուժային կենտրոնների ռազմավարություններ:
Հիմա, եթե կայացվեց այդ գործիքն օգտագործելու որոշում՝ որեևէ կոնֆիգուրացիայով, ապա Ալիևին կտրվեն նաև որոշակի «երաշխիքներ»: Հետո նրան այդ երաշխիք տվողները կգցեն, թե ոչ, սա այլ խնդիր է, բայց տակը կմնա նրա «ձեռքով» արվածը: Իսկ «գործիք» լինելուց նա հրաժարվել չի կարող այլևս, որովհետև ստացել է շատ բարձր ավանս:
Հետևաբար, արժե թերևս վերջ տալ հիմա էլ ասելուն, թե «միջանցքը» կամ Հայաստանի տարածքային ամբողջությունն է որևէ մեկի համար «կարմիր գիծ»: Դա կարմիր գիծ է միմիայն, բացառապես Հայաստանի համար, և ըստ այդմ՝ մենք պետք է այդ հարցում ի վիճակի լինենք անցկացնել խորքային ու լուրջ քննարկումներ՝ իրավիճակը հանգամանալից հասկանալու և ախտորոշելու համար, ու մշակել դրանից բխող անելիքներ»:
Panorama.am
Թուրքիան հայտարարել է, որ կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ
Թուրքիան կշարունակի զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ հիմնվելով սեփական անկախ որոշումների վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հետ տնտեսական համագործակցության շուրջ բանակցություններից հետո: Թուրք պաշտոնյանի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Բոլաթի խոսքով՝ Անկարայում կայացած բանակցությունները հաջող են անցել։ Նա շնորհակալություն հայտնեց բոլորին՝ դրանց մասնակցելու համար։
Քննարկվող հանդիպումը տեղի է ունեցել Թուրքիայի առևտրի նախարարությունում՝ Անկարայի Սյոգութոզյու շրջանում, նոյեմբերի 25-ին։