Մամուլի տեսություն 9․12․2023
Իրանն ու Ռուսաստանը, Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դաժան պատժամիջոցների դեմ միասնական դիրքորոշմամբ, կարող են մեծ խաղաղարար դեր խաղալ տարածաշրջանում՝ պաշտպանելով իրենց ազգային շահերը։
Իրան
Իրանի և Ռուսաստանի խաղաղարար դերը միջազգային հակամարտություններում
Իրանն ու Ռուսաստանը, Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների դաժան պատժամիջոցների դեմ միասնական դիրքորոշմամբ, կարող են պաշտպանել իրենց ազգային շահերը և դիմակայել թշնամիների պարտադրած ճնշումներին։ Տնտեսական ոլորտում Իրանի նախագահ Ռայիսիի այցը Ռուսաստան հնարավորություն էր ուսումնասիրելու երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման և առկա խոչընդոտներն ու խնդիրները վերացնելու ուղիները։
Հաշվի առնելով իրենց բարձր ներուժը՝ երկու երկրները կարող են իրենց առևտրի ծավալը ներկայիս շուրջ 5 միլիարդ դոլարից հասցնել 10 միլիարդ դոլարի։ Նաև, հաշվի առնելով Ռուսաստանում բնակվող իրանական համայնքի և այս երկրի մահմեդական համայնքի գոյությունը, երկու երկրները կարող են մշակութային, գեղարվեստական, գիտական, կրթական և զբոսաշրջային փոխանակումների միջոցով խորացնել երկու ժողովուրդների միջև կարեկցանքն ու ընդհանուր լեզուն։
Քեյհան
Սա նոր Մերձավոր Արևելքն է
Թեհրանի ուրբաթօրյա ժամանակավոր աղոթապետն ասել է․ «Իրաքի «Հաշդ ալ-Շաաբի» ուժերը հարվածում են ամերիկյան Այն-ալ-Ասադ ռազմաբազան, իսկ դիմադրությունը հարձակվում է ամերիկյան այլ բազաների վրա, և դա նշանակում է նոր Մերձավոր Արևելք: Լիբանանի «Հեզբոլլահը» անընդհատ հարվածներ է հասցնում Սիոնիստական ռեժիմի հենակետերին, և սա նոր Մերձավոր Արևելքն է։ Ամերիկային ասում եմ․ ի հեճուկս քեզ, նոր Մերձավոր Արևելքը ձևավորվել է դիմադրության հիման վրա»։
Ջավան
ԻԼԻՊ-ի կնքահայրերն ընդդեմ անզեն Պաղեստինի
Որքան ձգվում է պատերազմը Գազայում, այնքան բոլորին ակնհայատ է դառնում սիոնիստ զինվորականների բարբարոս էությունը: Պնդելով, որ Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարությունը իրենք են՝ Սիոնիստական իշխանությունները Գազայում պատերազմը համարում են «բարու և չարի, լույսի և խավարի միջև», սակայն ոճրագործություններ կատարելով՝ պարզերես են դարձրել աշխարհի ամենասարսափազդու ահաբեկչական խմբերի դեմքը։ Սիոնիստական բանակի կողմից ցուրտ եղանակին գերեվարված տասնյակ պաղեստինցի քաղաքացիական անձանց մերկացնելու կադրերի հրապարակումը նման է այն նույն հանցագործությանը, որը նախկինում ԻԼԻՊ-ն է իրականացրել Իրաքում և Սիրիայում, և դա ցույց է տալիս, որ Թել Ավիվն ու ԻԼԻՊ-ը նույն մետաղադրամի երկու կողմերն են, որոնք ոչ մի ոճրագործությունից չեն խուսափում՝ իրենց նպատակներին հասնելու համար:
Վաթան Էմրուզ
Պուտին. Ես կմասնակցեմ ՌԴ նախագահական ընտրություններին
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ասամբլեայի նախագահ Արտյոմ Ժուգան ինչ-որ միջոցառման ժամանակ խնդրել է Պուտինին՝ հայտարարել հաջորդ նախագահական ընտրություններում իր թեկնածության մասին։ Պուտինն էլ արձագանքել է՝ ասելով, որ իր թեկնածությունը կդնի ընտրություններում։ Ռուսաստանի հանրային կարծիքի գնահատման կենտրոնի վերջին հարցման համաձայն՝ Վլադիմիր Պուտինի նկատմամբ այս երկրի ժողովրդի վստահության մակարդակը կազմում է 78,5%, իսկ հասարակության կողմից նրա գործունեության հավանության մակարդակը գնահատվում է 75,8%։
Mamul.am
««Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից»․ Վահան Կոստանյան
Դեկտեմբերի 9-ին իրանական «Irna» լրատվական կայքէջում հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հոդվածը, որից հատվածներ ներկայացնում ենք ստորև․
«Խաղաղության խաչմերուկի» հիմնաքարային իմաստը հաղորդակցային նոր կապուղիների ստեղծումն է, դրանց վերագործարկումն ու զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, կրկին գործարկելու միջոցով, որոնք անցնում են մեր տարածաշրջանի բոլոր երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջով:
Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բացել ու վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը: Այդ ուղղությամբ, ի դեպ, այժմ իրականացվում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ:
«Խաղաղության խաչմերուկի» գործարկումը հնարավորություններ կստեղծի կյանքի կոչել տնտեսական մեծ ներուժ ունեցող Պարսից ծոցը և Օմանի ծոցը Սև ծովին կապող միջազգային տարանցիկ ուղիները և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը: Դրան զուգահեռ նոր պայմաններ կստեղծվեն Մեղրիի երկաթուղին վերականգնելու համար, որը ևս մեկ լրացուցիչ կապ կդառնա Հայաստանի և Իրանի միջև: Վերականգնվող այդ երկաթգիծը կկապի ոչ միայն Ադրբեջանը և Հայաստանը, Ադրբեջանի հարավ-արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև որակապես նոր հաղորդակցություն կապահովի Հայաստանի հարավային և հյուսիս-արևմտյան շրջանների միջև: Չպետք է թերագնահատել նաև Գյումրի-Կարս երկաթգիծը, որը առևտրատնտեսական բոլորովին նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համար:
Armenpress.am
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է խաղաղության ճանապարհին. ԵԱՀԿ նախագահ
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը որակել է որպես դրական քայլ՝ կայուն խաղաղության ճանապարհին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բույար Օսմանին նման դիրքորոշում է հայտնել X-ի իր միկրոբլոգում գրառմամբ:
«Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հենց այն դրական քայլն է, որն անհրաժեշտ է կայուն խաղաղության ճանապարհին։ ԵԱՀԿ-ն պատրաստ է օգնել՝ որպես շարունակական երկխոսության հարթակ և որպես պայմանագրերի իրականացման գործընկեր»,-նշել է ԵԱՀԿ գործող նախագահը:
Panorama.am
Երուսաղեմի Հայոց պատրիարքն այցելել է «Կովերի պարտեզ»
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանն անակնկալ այցելել է հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզի» պատնեշված հատվածը և իր աջակցությունը հայտնել թաղամասը փրկելու շարժման ակտիվիստներին։ X-ի միկրոբլոգում գրում է շարժումը:
«Ամեն հայկականը կմնա հայկական», - վստահեցրել է պատրիարքը։
Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանn ակտիվիստների հետ քննարկել է քաղաքի հայ համայնքի պահպանման հետագա քայլերը։
News.am
Ինչո՞ւ Ալիևը որոշեց ազատ արձակել հայ գերիներից մի քանիսին հենց հիմա. Փորձագետի կարծիք
2021 թվականի ընտրությունների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերիներին հորդորեց սպասել ևս մի երկու ամիս, սակայն անցել է 2,5 տարի։ Երբ շարունակում ես բանակցություններն այն բանից հետո, երբ մյուս կողմը խախտել է դրանք, դու նրան նույն ոգով շարունակելու քարտ բլանշ ես տալիս: Նա պետք է պնդեր, որ բանակցություններ չեն լինի, քանի դեռ չի եղել գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է կոնֆլիկտաբան, բանակցային փորձագետ Արթուր Մարտիրոսյանը։
Բայց ինչո՞ւ դա տեղի ունեցավ հիմա:
Իր փորձագիտական գնահատմամբ, Ալիևն ամեն կերպ ցանկանում է արտաքին խաղացողներին ցույց տալ, որ պատրաստ է որոշակի քայլերի, բայց միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունները կատարեն իր պահանջները։
Փորձագետն Ալիևի այս որոշումը կապել է նաև 2024 թվականի փետրվարին Ադրբեջանում սպասվող արտահերթ ընտրությունների հետ։
«Դժվար թե դա եղել է առանց երրորդ կողմի միջնորդության»,- կարծում է նա։
Մարտիրոսյանը տարօրինակ է անվանել կողմերի միջև վստահություն կառուցելու միջնորդների ցանկությունը միայն ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, այլ ոչ թե դրանից առաջ։ Սովորաբար հակառակն է արվում․ սկզբում աշխատում են վստահություն ստեղծելու ուղղությամբ, հետո ձեռնամուխ լինում բովանդակալից բանակցությունների։
Նրա կարծիքով, Պետդեպարտամենտը դիմել է այս քայլին նաև ԱՄՆ-ի հայ ընտրազանգվածին ներկա վարչակազմի կողմը գրավելու համար՝ ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների ֆոնին։
Փորձագետը չի բացառել, որ Ալիևը կարող է հետագայում օգտագործել մյուս պատանդներին և գերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարներին, սակարկելու և որոշակի դիվիդենտներ ստանալու համար։
«Սակայն դա դժվար թե տեղի ունենա Ադրբեջանում ընտրություններից առաջ»,- նշել է նա։
Ըստ նրա, Փաշինյանի հիմնական նպատակն է, որ այս ամենը չթվա Հայաստանի կողմից միակողմանի զիջում։