Մամուլի տեսություն 6․02․2024
Այսօրվա իրանական մամուլում կարդում ենք «վերջին 45 տարիներին Իրանի իսլամական հեղափոխության մեծ ձեռքբերումներից» մինչև « գենետիկայի վրա աղքատության ազդեցությունը»:
Քեյհան
Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական ծառայություններն ու առաջընթացները
Իրանի ժողովրդի և իշխանությունների ջանքերով իրականացված Իսլամական հեղափոխության տնտեսական ծառայություններն ու առաջընթացը Իրանի ժողովրդին ներկայացնելու համար անհրաժեշտ են մի քանի հատոր գրքեր, քանի որ այն ներառում է բնակչության 95%-ին գազամատակարարումից մինչև գյուղատնտեսական արտադրանքների 400 տոկոսանոց ավելացում։
Վաթան Էմրուզ
«Ալ-Աքսա Փոթորկի» հետևանքները․ Իսրայելի անվտանգության ղեկավարների անկումը
Իսրայելի խորհրդարանի (Կնեսետ) ներքին անվտանգության հանձնաժողովի ղեկավար Ցվիկա Ֆոգելը երեկ Ma'ariv թերթին ասել է, որ չի հավատում, որ անվտանգության և ռազմական ինստիտուտներն այդքան «անպատասխանատու» և «անարդյունավետ» են իրենց դրսևորել հոկտեմբերի 7-ին (Ալ-Աքսա Փոթորկի գործողության օրը): Նա ասաց, որ նախընտրում է մտածել, որ Իսրայելի ներսում ինչ-որ մարդիկ օգնել է ՀԱՄԱՍ-ին:
Իսրայելական այլ պաշտոնյաներն ու շրջանակները ևս նման իրավիճակի մեջ են. Ապշած ու հարցերով լի: Այդ տարօրինակ ու յուրահատուկ գործողությունից անցել է ավելի քան 4 ամիս, և իսրայելցիները դեռևս ոչ մի գաղափար չունեն կատարվածը արդարացնելու համար։
Իրան
Բայդենը փորձում է խուսափել անկարողության խարանից՝ դիմադրության վրա ձախողված հարձակումներով
Միջազգային հարցերով փորձագետ, դոկտոր Աբեդ Աքբարին Իրաքի և Սիրիայի վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումների ասպեկտների ուսումնասիրության կապակցությամբ ասել է․ «Երբ հարձակումից մեկ ժամ առաջ Centcom-ի ներկայացուցիչն ասում է, որ մենք ուզում ենք հարձակումները սկսել մեկ ժամ անց, նման ծանուցումը նշանակում է, որ մենք պատրաստվում ենք հարվածել, դուք նույնպես տեղյակ եղեք, որպեսզի տարհանեք այս բազաները և ի վերջո մեզ ոչինչ չպատահի»։
Նա հավելեց. «Մենք պետք է գիտակցենք, որ վերջին պատերազմը և ամերիկյան այս վերջին ռազմական հարձակումը տեղի է ունենում ընտրությունների տարում, և դեմոկրատական կառավարությունը ստիպված էր պատասխան տալ վերջին իրադարձությունների համար՝ պահպանելու իր հեղինակությունն ու վարկանիշը, իսկ եթե դա չաներ, առաջիկա նախընտրական բանավեճերում նրան կմեղադրեին անաշխատունակության ու անգործության մեջ, դրա համար էլ նրանք այս օպերացիան իրականացրեցին իրենց ներքին հեղինակությունն ու վարկանիշը պահպանելու համար, և դա որևէ էական ազդեցություն չի ունեցել և չի ունենա տարածաշրջանում դիմադրության առանցքի ակտիվության վրա»։
Ջավան
«Աղքատությունը» փոխում է նույնիսկ մեր գենետիկան
Թեև այս ոլորտում դեռևս քիչ հետազոտություններ կան, բայց պատկերացնել, որ աղքատության հետևանքները կարող են հաջորդ սերունդներին ժառանգվել բոլոր տեսակի մտավոր և ֆիզիկական խանգարումների տեսքով, կարող է ամբողջությամբ վերափոխել աղքատության դեմ պայքարի քաղաքականության կառուցվածքը:
Փաստ թերթը
«Փաստ». Փաշինյանն ու Ալիևը կնոմինացվե՞ն որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի թեկնածուներ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես երևում է, Արևմուտքը հետևողականորեն ցանկանում է հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև «որևէ» փաստաթղթի ստորագրման: Բացի այն, որ նրանք կոնկրետ Նիկոլ Փաշինյանին որոշակի «բոնուս» են խոստացել ներքին լեգիտիմություն ձեռքբերելու և, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, ինչի մասին առիթ ունեցել ենք տեղեկացնելու, Արևմուտքում մտմտում են հավելյալ միջոցներ՝ կողմերին խրախուսելու համար:
Արտաքուստ որքան էլ դա զվարճալի հնչի, սակայն դիվանագիտական մեր աղբյուրները պնդում են, որ եվրոպացի ու ամերիկացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ ներքին լոբբինգ են իրականացնում, որպեսզի «խաղաղության պայմանագրի» ստորագրման դեպքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նոմինացվեն որպես Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի թեկնածուներ: Որքան էլ նշյալ երկուսը ծայրաստիճան փառասեր են, այդուամենայնիվ, հետաքրքիր է, թե այդ պարագայում Նիկոլ Փաշինյանն ինչպես է համաձայնելու առաջադրվել թշնամական երկրի ղեկավարի, առավել ևս այնպիսի մեկի հետ, որը դաժան պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ, հայաթափել է Արցախն ու, ընդհանրապես, բազմաթիվ ռազմական հանցագործությունների հեղինակ է»։
News.am
Հանրային հեռարձակողների խորհուրդը հայտարարություն է տարածել Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի վերաբերյալ արտահայտած տեսակետների առնչությամբ։
Փաստը, որ Հանրային ռադիոյի տնօրենը քննադատում է վարչապետին, ըստ Հանրային հեռարձակողների խորհրդի, «արտառոց ոչինչ չի պարունակում, նույնիսկ առաջին դեպքը չէ և որևէ սկզբունքային առարկություն չի կարող ունենալ ժողովրդավարական երկրում»։
«Սակայն հանրային լրատվամիջոցի այսպիսի կամայական օգտագործումն առաջացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարակուսանքը։
Խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար։
Panorama.am
Ո ՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը, որն այդպես էլ չի գալիս. Տիգրան Աբրահամյան
«Ակնհայտորեն իշխանությունը խճճվել է ստի, կեղծիքի ու չիրականցված խոստումների ճահիճում, իսկ նրա գործունեության ցանկացած օր երկիրը մոտեցնում է նոր պատերազմի»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո իշխանությունը համառորեն պնդում ու հասարակությանը համոզում էր, որ եթե 2021 թվականի ընտրություններում ընդդիմությունը հաջողության հասնի, ապա դա նոր պատերազմական գործողությունների է բերելու:
«Դա այն ժամանակներն էր, որ իշխանությունը առաջ էր մղում տխրահռչակ «խաղաղության դարաշրջան» ձևակերպումը»,- նշեց Աբրահամյանը։
Նա հիշեցրեց, թե 2022-ին ինչ էր ասում իշխանություն. եթե Արցախի հարցով նշաձողը չիջեցնենք, ապա նորից կռիվ կսկսի՝ ձեռքի հետ էլ պայքարի դուրս եկած անձանց, խմբերին մեղադրում էր պատերազմ հրահրելու մեջ:
«2023 թվականի նույն իշխանությունը Ադրբեջանի իշխանությունների հետ սինքրոն համոզում էր հանրությանը, որ ռևանշիստական ուժերն են խանգարում խաղաղության գործընթացին, իսկ իրենք սլանում են դեպի, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրմանը: Իսկ ի՞նչ տեսավ հասարակությունը 2020-2023 թվականներին՝ պատերազմ, զիջումներ, մարդկային և տարածքային կորուստներ, Արցախի հանձնում, ուրացում, դավաճանություն: Ո ՞ւր է ձեր խոստացած խաղաղությունը, որն այդպես էլ չի գալիս:
«Հրապարակ» թերթը
«Հրապարակ». Թիրախը Վահան Քերոբյանն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ աղբյուրների, էկոնոմիկայի նախարարության չարաշահումների սկանդալային պատմության թիրախն իրականում նախարար Վահան Քերոբյանն է, ով անգամ տեղեկացված չէր, որ այդ օրն իր նախարարությունում ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացնում, և իր տեղակալը ոչ թե երկրից մեկնելու համար է ազատվել աշխատանքից, այլ քրեական մեղադրանքի պատճառով: Իսկ երբ տեղեկացավ, հայտարարեց. «Մի բան է, որ մարդուն մեղադրում են անփութության մեջ, ուրիշ բան է, որ ասում են՝ սա կոռուպցիա է... մեղադրանքները, որոնք ներկայացվում են, իրենց տակ դրված փաստեր չունեն»:
Որոշ լուրերի համաձայն, նախաքննական մարմինն ամեն ինչ անում է, որ հանցանքի «հետքը» գնա հասնի նախարարին, և մեղադրյալները ցուցմունքներ տան նրա դեմ: Որ, ինչպես Քերոբյանն է ասում, «փաստեր դնեն» իր դեմ հարուցվելիք մեղադրանքի տակ։ Մասնավորապես հարուցված երկրորդ վարույթով, որը վերաբերում է «խելացի այգիներ» կոչվող գյուղատնտեսական ծրագրին, պաշտոնական տվյալների համաձայն՝ պետությանն առավելապես խոշոր՝ մոտ 240 միլիոնի դրամի վնաս է հասցվել։