Դամասկոսն արձագանքել է ամերիկյան պատվիրակության Իդլիբ կատարած անօրինական այցին
Սիրիայի ԱԳ նախարարությունն ամերիկյան պատվիրակության Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ կատարած այցն ավազակություն է որակել։
Ինչպես հաղորդել է ՍԱՆԱ լրատվական գործակալությունը, Սիրիայի ԱԳ նախարարությունն արձագանքելով ամերիկյան պատվիրակության Իդլիբ կատարած այցին ընդգծել է․-«Այս անօրինական քայլը վկայում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունն իրեն վեր է դասում ՄԱԿ-ի կանոնագրից ու միջազգային իրավունքից, որոնք ընդգծում են երկրների ինքնիշխանությունը հարգելու և նրանց ներքին գործերին չմիջամտելու անհրաժեշտությունը»։
Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեվիդ Սաթերֆիլդը մարտի 3-ին անօրինական կերպով Թուրքիայից այցելել են Իդլիբ։
Թուրքիայի բանակն անցած օրերին հարձակվելով Իդլիբ նահանգում գտնվող Սիրիայի բանակի դիրքերի վրա, փորձել է կանխել այս երկրի շարունակական հաջողություններն ահաբեկչության դեմ պայքարում։