Իրան․ ԱՄՆ-ն պետք է իր զինուժը դուրս բերի Սիրիայից
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր զինուժն ամբողջությամբ դուրս բերի Սիրիայից և դադարի ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ թալանել այդ երկրի բնական ռեսուրսները։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին երեքշաբթի օրը կայացած ԱԽ նիստում կոչ է արել Վաշինգտոնին իր ուժերն ամբողջությամբ, անհապաղ և անվերապահ դուրս բերել Սիրիայից՝ հանուն խաղաղության և կայունության։
Իրավանին հայտարարել է․ «Ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն ամերիկացիները շարունակում են աջակցել այնպիսի ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսին է «Ջեբհաթ ան-Նուսրան» և թալանել Սիրիայի ժողովրդի նավթն ու հարստությունը»:
Նա հավելել է․ «Արևմտյան որոշ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, պատասխանատու են Սիրիայում հակամարտությունների երկարաձգման համար, քանի որ նրանք փորձում են իրենց կամքը պարտադրել այս երկրի ժողովրդին»:
Ընդգծելով, որ բոլորը պետք է հարգեն Սիրիայի ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, միասնությունն ու տարածքային ամբողջականությունը, Իրավանին ասել է. «Միջազգային հանրությունը չպետք է միայնակ թողնի Սիրիայի ժողովրդին ահաբեկչության, օտարերկրյա օկուպացիայի և տնտեսական ահաբեկչության դեմ պայքարում, ինչն անօրինական պատժամիջոցների հետևանքն է»:
Անդրադառնալով Սիրիայից բոլոր անօրինական օտար ուժերի դուրսբերման անհրաժեշտությանը, նա ընդգծել է. «Իրանը խստորեն դատապարտում է իսրայելական ռեժիմի շարունակական ագրեսիան Սիրիայի ինքնիշխանության դեմ և այս երկրի խաղաղ բնակչության ու կենսական ենթակառուցվածքների թիրախավորումը և հավատարիմ է Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորմանը»:
ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան ու մշտական ներկայացուցիչն ասել է. «Քաղաքական գործընթացի հետ մեկտեղ միջազգային ջանքերը պետք է շարունակվեն՝ նպաստելու Սիրիայի վերականգնմանը և փախստականների և ներքին տեղահանվածների անվտանգ վերադարձին Սիրիայում իրենց բնակավայրեր»: