Բաշար Ասադ․ Իսրայելի վերաբերյալ Սիրիայի դիրքորոշումն անփոփոխ է
(last modified Fri, 30 Aug 2024 08:16:46 GMT )
Օգոստոս 30, 2024 11:46 Asia/Tehran
  • Բաշար Ասադ․ Իսրայելի վերաբերյալ Սիրիայի դիրքորոշումն անփոփոխ է

Սիրիայում տարբեր երկրների դեսպանների ու դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, այդ երկրի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է․ «Իսրայելի վերաբերյալ Սիրիայի դիրքորոշումն անփոփոխ է»։

«Թասնիմ» գործակալության հաղորդմամբ՝ հինգշաբթի օրը կայացած հանդիպմանը, Բաշար Ասադը նշել է, որ արաբական երկրների ու տարածաշրջանի հետ հարաբերություններում, ինչպես նաև միջազգային հարաբերություններում, Սիրիայի արտաքին քաղաքականության  սկզբունքներն անփոփոխ են։ 

Սիրիայի ՍԱՆԱ գործակալության հաղորդմամբ՝ Ասադն ընդգծել է, որ Սիրիան պատրաստ է համագործակցության՝ ռազմավարական և իրատեսական հեռանկարի հիման  վրա և որ արաբական երկրների հետ հարաբերությունների ամրապնդման առանցքը երկկողմ հարաբերություններն են։

Նա անդրադարձել է նաև ընթացիկ քաղաքական հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությանը։

Նշելով, որ Իսրայելի նկատմամբ Սիրիայի դիրքորոշումն անփոփոխ է, Ասադը հավելել է․ ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը պետք է քննարկվի պաղեստինյան հիմնախնդրի համատեքստում, այլ ոչ թե որպես դաշտային անսպասելի իրադարձություն: Մինչդեռ ԱՄՆ-ը և նրա արևմտյան դաշնակիցները փորձում են այդ գործողությունը ներկայացնել որպես լարվածության հիմնական պատճառ»։

Բաշար Ասադն ընդգծել է, որ Սիրիայի  մարտահրավերներին դիմակայելն այսօր կապված է  երկրի աշխարհագրական և պատմական դիրքի, ինչպես նաև պատերազմի դաշտում գտնվելու և պատմության ընթացքում գաղութարարների կողմից նվաճվելու համար ցանկալի լինելու հետ և հավելել, որ ԱՄՆ-ի տարածած քաոսն ապակայունացրել է աշխարհը։

«Այսօրվա միջազգային հակամարտությունը տնտեսատեխնոլոգիական հակամարտություն է, հատկապես, երբ Արևմուտքը կորցնում է իր տեխնոլոգիական գերիշխանությունը և դա արագացնում է նոր բազմաբևեռ աշխարհի ձևավորումը»,- ասաց նա։

Նշելով, որ «ապագան պատկանում է Արևելքին, քանի որ նրան հաջողվել է պահպանել իր ինքնությունն ու սկզբունքները», Ասադը հավելել է, որ վերջին զարգացումները հաստատում են, որ  հակամարտության   շարունակումն ավելի շատ ճգնաժամեր կստեղծի աշխարհի բոլոր երկրների համար։