Թուրքիան շարունակում է ավիահարվածներ հասցնել Իրաքի հյուսիսային շրջաններին
Անկարայում տեղի ունեցած զինված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվեց 5 և վիրավորվեց 22 մարդ, թուրքական բանակը վերսկսել է ավիահարվածները Հյուսիսային Իրաքում տեղակայված ՔԲԿ դիրքերի ուղղությամբ։
ԻՌՆԱ-ն, հղում անելով «Սահաբ» գործակալությանը, հայտնում է, որ ըստ Թուրքիայի ՊՆ հայտարարության՝ բանակի կործանիչները խոցել են Սինջար, Հաքուրեք, Գարա և Ղանդիլ շրջաններում գտնվող թիրախները։ Հարձակումների հետևանքով կան զոհեր։
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է․ «Անկարայում իրականացված հարձակումից հետո, թիրախավորվել է ՔԲԿ 120 օբյեկտ։ Իսկ հարձակումից հետո ձերբակալվել է ՔԲԿ-ի 176 անդամ, որոնք կասկածվում են Թուրքիայում տարբեր գործողություններ իրականացնելու մեջ»։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը երկու զինված անձինք հարձակվել էին Անկարայում Թուրքիայի ավիատիեզերական արդյունաբերության (TUSAS) կենտրոնակայանի վրա և սպանել հինգ մարդու։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր ՔԲԿ-ն։
Տարածաշրջանում իրականացվող ակտիվ գործողությունները, ներառյալ՝ ՔԲԿ-ի վերջին հարձակումները, մեծացրել են անվտանգության մտահոգությունները Թուրքիայում։ Ի պատասխան այդ հարձակումների, Անկարան վերսկսել է ավիահարվածները հյուսիսային Իրաքում ու Սիրիայում ՔԲԿ-ի դիրքերի վրա։