Հալեպում ու Իդլիբում ահաբեկչական հարձակումները հետ են մղվել
Սիրիայում ռուսական հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալը հայտարարել է Հալեպ և Իդլիբ նահանգներում ահաբեկչական հարձակումները հետ մղելու մասին։
Չորեքշաբթի առավոտյան ահաբեկիչները Հալեպում հարձակվել էին Սիրիայի բանակի դիրքերի վրա։
Այս հարձակմամբ խախտվել է 2020թ կնքված հրադադարի համաձայնագիրը, քանի որ հարձակման ենթարկված տարածքը ներառված է Աստանայում Թուրքիայի երաշխավորությամբ ստորագրված «դեէսկալացիայի» համաձայնագրում։ Այն ներառում է նաև Իդլիբը, Հալեպի արվարձանները և Համայի ու Լաթաքիայի որոշ հատվածներ։
Ահաբեկչական հարձակումն իրականացվել է Լիբանանում հրադադար հաստատելու մասին Բենիամին Նեթանյահուի հայտարարությունից ու Սիրիայի դեմ ուղղված նրա սպառնալիքից հետո։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի «Հմեյմիմ» բազայում տեղակայված ռուսական հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Իգնասյուկը հայտարարել է, որ ռուսական օդուժը սիրիական բանակի հետ համագործակցությամբ շարունակում է Հալեպի արվարձաններում և Իդլիբում հետ մղել ահաբեկչական հարձակումները։
Իգնասյուկն ասել է․ «Ռուսաստանի ռազմաօդային ուժերը, որոնք աջակցում են Սիրիային, հրթիռակոծել են ահաբեկիչներին պատկանող տեխնիկան, կենդանի ուժը, կառավարման կենտրոնները, պահեստները և հրետանին»։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Ունջու Քեչլին ուրբաթ օրը հայտարարել է որ Անկարան ուշադիր հետևում է Իդլիբում տեղի ունեցող իրադարձություններին՝ համաձայն Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ իր հանձնառության։
Քեչլին X-ի իր օգտահաշվում գրել է. «Իդլիբում և մեր սահմանի զրոյական կետում գտնվող հարևան շրջաններում խաղաղության պահպանումը Թուրքիայի համար առաջնահերթություն է»։