Եվրոեռյակ. Իսրայելի հարձակումների վերսկսումն աղետալի հետընթաց կլինի Գազայի և տարածաշրջանի համար
Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները մտահոգություն են հայտնել Գազայում Իսրայելի հարձակումների վերսկսման կապակցությամբ, նշելով, որ դա «աղետալի հետընթաց» կլինի պաղեստինցիների և ողջ տարածաշրջանի համար։ Նախարարները կոչ են արել անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ համատեղ հայտարարության մեջ, որի պատճենը հրապարակվել է Բրիտանիայի կառավարության կայքում, երեք երկրների նախարարներն ընդգծել են հրադադարի շուրջ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությանը, հավելելով․ «Կոչ ենք անում բոլոր կողմերին վերսկսել բանակցություններ, որպեսզի զինադադարը լիովին իրագործվի և դառնա մշտական»:
Հայտարարության մեջ ասվում է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը ռազմական լուծում չունի, և որ պատերազմին վերադառնալու արդյունքը լինելու է միայն խաղաղ բնակիչների մահը։ Դիվանագետներն ընդգծել են Սիոնիստական ռեժիմի կողմից միջազգային օրենքներն ու կանոնակարգերը հարգելու անհրաժեշտությունը և հայտարարել. «Իսրայելը պետք է հարգի միջազգային իրավունքը և անհապաղ թույլ տա մարդասիրական օգնության մուտքը Գազա: Քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն և նրանց չպետք է արգելվի օգտվել հիմնական օգնության կամ շտապ օգնության ծառայություններից»:
Անդրադառնալով Գազայում տիրող ճգնաժամային իրավիճակին, հայտարարության մեջ ասվում է. «Մենք կոչ ենք անում իսրայելական ռեժիմին վերականգնել մարդասիրական օգնության մուտքը Գազա, վերականգնել ջրի և էլեկտրականության մատակարարումները, և ապահովել առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան»:
Նախարարները խորը ափսոսանք են հայտնել Գազայում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի (UNOPS) շենքի վրա Իսրայելի հարձակման կապակցությամբ՝ հայտարարելով, որ միջադեպի հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի աշխատակից, ևս մի քանիսը, այդ թվում՝ մի քանի եվրոպացիներ, վիրավորվել են։
Հայտարարության մեջ ասված է. «ՄԱԿ-ի անձնակազմը և կառույցները պետք է պաշտպանված լինեն և երբեք հարձակման թիրախ չդառնան։ Այս միջադեպը պետք է ամբողջությամբ հետաքննվի»։
Հայտարարության վերջում երեք երկրների նախարարները նշել են, որ կայուն հրադադարը կայուն խաղաղության հասնելու և Գազայի վերականգնման միակ վստահելի ճանապարհն է։