Թուրքիան և Սիրիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն․ «Հուրիեթ»
Թուրքիան Սիրիայի նոր իշխանությունների հետ կնքելու է ռազմական համագործակցության մասին համապարփակ համաձայնագիր։
Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը։ Պարբերականը չի հստակեցնում համաձայնագրի կնքման ժամկետները՝ նշելով, որ Անկարան ու Դամասկոսը նման քայլի են գնում Իսրայելի կողմից Սիրիայի անվտանգությանը սպառնացող վտանգի պայմաններում։
Թուրքական լրատվամիջոցը հիշեցրել է երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան չի թույլատրելու Սիրիայի ապակայունացմանն ուղղված որևէ ծրագրի իրականացում։
TRT Haber-ը, հղում անելով պաշտպանության նախարարության իր աղբյուրներին, հուլիսի 23-ին հայտնել էր, որ Սիրիայի նոր իշխանությունները օգնություն են խնդրել Թուրքիայից «պաշտպանունակության բարձրացման և ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի» շրջանակում։