Մոտ ապագայում ալ-Նուսրան Թուրքիայում հարձակումներ է իրականացնելու. MHP պատգամավոր
Թուրքական աջ ծայրահեղական Ազգայնական շարժում կուսակցության` Գազիանթեպից (Այնթափ) ընտրված պատգամավոր Ումիթ Օզդաղը հայտարարել է, որ մոտ ապագայում «ալ-Նուսրա ճակատ» իսլամական խմբավորումը սկսելու է ահաբեկչական հարձակումներ իրականացնել Թուրքիայի դեմ: Ըստ նրա` Սիրիայի ներքին պատերազմը տեղափոխվում է Թուրքիա:
Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթի կայքը, ազգայնական կուսակցության պատգամավորը Թուրքիայի ազգային մեծ ժողովում (խորհրդարան) մամուլի ասուլիս է տվել` անդրադառնալով նաև սիրիացիներին քաղաքացիություն տալու հարցին: Օզդաղը, սիրիացիներին քաղաքացիություն տալը «խենթ ծրագիր» որակելով, նշել է, որ Թուրքիան կդառնա անջատողական արաբական ռասիզմի թիրախ: «Մոտ ապագայում ալ-Նուսրան սկսելու է ահաբեկչական հարձակումներ, Թուրքիայի դեմ գործողություններ իրականացնել, քանի որ ալ-Նուսրան որդեգրել է «Իսլամական պետության» նման պետություն ստեղծելու քաղաքականություն: Սիրիայի ներքին պատերազմը Թուրքիա է տեղափոխվում, և դրա հիմնական պատասխանատուն Էրդողանն (Թուրքիայի նախագահ) է: Այս մարդկանց (Թուրքիայում ապաստանած սիրիացիներ) անհրաժեշտ է իրենց երկիրը խաղաղ պայմաններում կառուցել: Դուք այս մարդկանց Սիրիայի ապագայից եք խլում»,- ասել է Օզդաղը: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում գտնվող սիրիացի փախստականներին քաղաքացիություն ստանալու հույս է տվել: Նման առաջարկը բուռն բանավեճի պատճառ է հանդիսացել: Ըստ ընդդիմության` այդ կերպ նախագահը 2019թ. կայանալիք ընտրություններին ընդառաջ իր ընտրողներին է հավաքագրում: Թուրքիայում պաշտոնապես գրանցված է 2.7 մլն սիրիացի փախստական:
Ankakh.com
13/7/2016