Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո 336 մարդ է ձերբակալվել. Նախարար
Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո արդեն 336 մարդ է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արդարադատության նախարար Բեքի Բոզդաղին:
Նշենք, որ հեղաշրջման փորձի ընթացքում զոհերի թիվը հասել է 60-ի, որոնցից 42-ը սպանվել են Անկարայում, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Բացի այդ, շուրջ 150 տուժածներ տեղափոխվել են Ստամբուլի հիվանդանոցներ: Անկարայի հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների թվի մասին տեղեկություններ դեռ չկան:
Նշենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա է հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել են երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է տեղի ունեցող իրադարձությունների անօրինական լինելու մասին: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը ձախողվել է եւ ամբողջությամբ կճնշվի: