Դե թող քուրդ զինյալներն էլ գան ու փրկեն ձեզ. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեգնել է ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության ձերբակալված պատգամավորներին: Այս մասին հայտնում է թուրքական gundemnews.net կայքը:
«Ձեր անձեռնմխելիությունը չեղարկվել է: Բնականաբար, դատական մարմինները պետք է կանչեն ձեզ հարցաքննության: Այլ կուսակցությունների ղեկավարներն անգամ վեր են կենում, գնում են հարցաքննության, հետո վերադառնում ու իրենց գործն են շարունակում: Դուք մարտահրավեր նետեցիք: Դուք ասացիք, թե «Մեր մեջքի հետևում PKK-ն է («Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորում), մեր մեջքի հետևում YPG-ն է (Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային զինված միավորումներ)»: Դե թող գան ու փրկեն ձեզ»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 10-ից ավելի անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: Ավելի ուշ պատգամավորներից 3-ը բաց են թողնվել:
Նրանք մեղադրվում են Թուրքիայում ահաբեկչական ճանաչված ՔԱԿ խմբավորման հետ կապեր ունենալու, խմբավորմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:
Դեռևս մայիս ամսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովն ընդունել է Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում:
Այժմ մի շարք պատգամավորների անձեռնմխելիության մասին օրենքը, որն ամրագրված էր Սահմանադրության 83-րդ հոդվածով և արգելում էր պատգամավորներին «կալանավորել, հարցաքննել, դատապարտել առանց խորհրդարանի թույլտվության», համարվում է անվավեր:
.tert.am/