Փայլանը Թուրքիայի փոխվարչապետից բացատրություն է պահանջել «գյավուր» բառի համար
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի հայտարարությունը, որտեղ նա կիրառել է «գյավուր» բառը, փոխանցում է Ermenihaber–ը:
Փայլանը մեջլիսում Քուրթուլմիշից պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին.
1. Անհավատ նշանակող, իսկ մի շարք ասացվածքներում և բառակապակցություններում ստորացնող, նվաստացնող և վատաբանող իմաստներով կիրառվող «գյավուր» բառով չե՞ք կարծում, որ վիրավորում եք Թուրքիայի ոչ մահմեդական ժողովուրդներին և քրիստոնյա համայնքին, որի անդամ եմ նաև ես:
2. Մտածել ե՞ք, որ Ձեր վերոնշյալ արտահայտություններն ատելություն են պարունակում:
3. Մտածե՞լ եք, որ Ձեր արտահայտություններն ատելության հիման վրա հանցագործությունների պատճառ կարող են դառնալ:
Նշենք, որ Քուրթուլմուշը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) տեղական ինքանակառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հետևյալ արտահայտություններն է արել. «Գյավուրին գյավուր ասել և նրան դեմ հանդիման կանգնել. ահա այն, ինչն անվանում եք թուրքական անկախություն և մինչև այսօր մեզ հասած այս մեծ քաղաքակրթության ամենահիմնական առանձնահատկություններից մեկն է: Մեր այս անկախության հարցին պետք է լուրջ վերաբերվենք: Մեզ համար անկախությունը, գյավուրին գյավուր ասելով, նրա դեմ կանգնելն է»: