Էրդողանի փեսայի նավթային կասկածելի բիզնեսը. Wikileaks
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45760-Էրդողանի_փեսայի_նավթային_կասկածելի_բիզնեսը._wikileaks
Wikileaks-ի վերջին բացահայտումները կարող են ծայրահեղ տհաճ լինել Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի համար, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: Այս մասին գրում է Die Presse թերթը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 13:48 Asia/Tehran
  • Էրդողանի փեսայի նավթային կասկածելի բիզնեսը. Wikileaks

Wikileaks-ի վերջին բացահայտումները կարող են ծայրահեղ տհաճ լինել Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքի համար, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է: Այս մասին գրում է Die Presse թերթը։

RedHack թուրք հաքերների խումբը Wikileaks-ին է փոխանցել ավելի քան 50 հազար էլեկտրոնային նամակ։ Ինտերնետ-նամակագրության մեծ մասն անվնաս է և վերաբերում է բնակարաններ փնտրելուն, թերթի հոդվածներին։ Որոշ նամակների համաձայն՝ Ալբայրաքը, ըստ ամենայնի, «ստորագրել է արշավի տակ, որն առաջարկել է նրա աներոջը՝ Էրդողանին, դատել որպես ռազմական հանցագործի»։

Բայց առավել պայթյունավտանգ են 30 էլեկտրոնային նամակներ, որոնք հաստատում են, որ Ալբայրաքը դերակատարում ունի Powertrans ընկերությունում և, հետևաբար, Էրդողանի կապը նավթային բիզնեսի հետ։

Ընկերությունը, ինչպես նշում է պարբերականը, Թուրքիայում միակ ձեռնարկությունն է, որը կարող է նավթ արտահանել և ներմուծել։ Ընկերությունը ստեղծելու մասին որոշում կայացրել է Թուրքիայի կառավարությունը 2011թ.։ Սեփականատերերը հայտնի չեն, քանի որ հետքերը կորում են Սինգապուրում և բրիտանական Վիրջինյան կղզիներում։ Ավելի վաղ բացահայտումների համաձայն՝ նավթային ընկերությունում չափաբաժին է ունեցել Çalık Holdin-ը, որի ղեկավարը երկար ժամանակ եղել է Ալբայրաքը։

Ինտերնետ-նամակագրության մեջ Ալբայրաքը կադրերի տնօրենի հետ քննարկել է Powertrans-ում պաշտոնների բաշխումը և աշխատավարձերի հարցը։ Ալբայրաքը նաև հաստատել է բոլոր առաջարկները և զբաղվել կազմակերպչական հարցերով։ Փաստաբանի հետ գրագրության ժամանակ Ալբայրաքը քննարկել է այն հարցը, թե ինչպես մեկնաբանել Powertrans-ի հետ իր կապի վերաբերյալ մեղադրանքները։ Փաստաբանը խորհուրդ է տվել ասել՝ «այսուհետ կապ չունեմ», բայց Էրդողանի փեսան որոշել է հայտարարել, որ ինքը երբևէ կապ չի ունեցել ընկերության հետ։

1in.am