Չի կարելի ակնկալել, որ Սիրիայում ամբողջական հրադադար կլինի
ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը հանդես եկան հայտարարությամբ՝ Սիրիայում հակամարտությունը փետրվարի 27-ից դադարեցնելու ծրագրի համաձայնեցման մասին, որը սակայն չի վերաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, «Ալ-Նուսրա» խմբավորմանը և բոլոր այն միավորումներին, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ։
Երկու երկրներն էլ ընդգծեցին, որ ամերիկացիների դաշինքը և Ռուսաստանի օդուժը շարունակելու են հարվածներ հասցնել ակաբեկիչների դիրքերին։
Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով այս համաձայնությանը, նշեց, որ ամբողջական հրադադարի մասին դեռեւս վաղ է խոսելը:
«Հրադադարի համաձայնությունը հիմնականում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ է։ Այն վերաբերում է կառավարական եւ հակակառավարական ուժերին, սակայն չի ներառում ահաբեկչական ծայրահեղական կազմակերպություններին: Իսկ սա նշանակում է՝ չի կարելի ակնկալել, որ ամբողջական հրադադար կլինի։ Երեւույթը, որի վրա պետք է կենտրոնանալ, այն է, որ Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը համաձայնության են հանգել այս առումով, եւ պետք է դիտարկել նաեւ որոշ հավանական հետեւանքներ։ Սա նշանակում է գլխավոր այլ խաղացողների ազդեցիկության չեզոքացում: Խոսքը վերաբերում է մասնավորապես Թուրքիային։ Թուրքիան կպարտավորվի նաեւ չհրթիռակոծել քրդական հենակետերը։ Ինչ-որ առումով սկսվում է ահաբեկչական խմբակցությունների չեզոքացման պրոցես, եւ այստեղ եւս Անկարայի համար ծայրահեղ իսլամականներին շահարկելու մարտավարության հնարավորությունները նեղանում են»։
Գանտահարյանի կարծիքով այս համաձայնությունը չի կարող կտրուկ իրավիճակ փոխել տարածաշրջանում, սակայն սա կարելի է համարել սկիզբ, մեկնարկ, որը դրական հետեւանքների կարող է հանգեցնել առաջիկայում:
«Քաղաքական առումով վերահաշվարկների պահը հնչել է. ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն հանգել են եզրակացության, որ ռազմաքաղաքական գործողությունների սլաքները որոշակի առումով պետք է համադրեն իրար հետ: Կարծում եմ, որ երկու գերտերությունների առաջնային խնդիրն այս պահի դրությամբ իսլամական ծայրահեղական ահաբեկիչների ռազմական գործողությունները չեզոքացնելն է: Դրանից հետո կգա քաղաքական ուժերի, ընդ որում՝ վարչակարգի ճակատագրի ճշտումը։ Կարծում եմ, որ ռուսական օդուժի՝ սիրիական պատերազմում ներգրավումը եւս համաձայնեցված էր Վաշինգտոնի հետ»,- ընդգծեց Գանտահարյանը:
galatv.am
21/2/2016