Սիրիայից Կովկաս. Սահմանների վերանայումը սկսվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i5824-Սիրիայից_Կովկաս._Սահմանների_վերանայումը_սկսվել_է
Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է Սիրիայում հրադադարի հարցով ԱՄՆ ու Ռուսաստանի համատեղ բանաձեւը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2016 15:31 Asia/Tehran
  • Սիրիայից Կովկաս. Սահմանների վերանայումը սկսվել է

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկելու է Սիրիայում հրադադարի հարցով ԱՄՆ ու Ռուսաստանի համատեղ բանաձեւը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մոտակա օրերը վճռորոշ են լինելու Սիրիայի ճակատագրի համար, եւ ամբողջ աշխարհը հետեւելու է դրան: Նա Ռուսաստանին կոչ է արել պահպանել հրադադարը:

Բաշար Ասադն ապրիլին ընտրություններ է նշանակել, եւ չի բացառվում, որ հրադադարը կտեւի մինչեւ ապրիլ, մինչեւ Ասադը կարողանա «հանգիստ» հեռանալ: Սակայն բոլոր կողմերը նշում են, որ դերակատարների մեծ քանակի ու խաչվող կապերի պայմաններում հրադադարի պահպանումը գործնականում անհնար է:

Հրադադարի չպահպանման դեպքում ԱՄՆ-ը քննարկում է պլան Բ-ն, որը նախատեսում է ամերիկյան զորքերի մուտքն ու Սիրիայի ֆեդերալացումը, ինչպես նշում են ամերիկացի պաշտոնյաները: Փորձագետները պնդում են, որ Սիրիան կարող է բաժանվել երեք մասի՝ ալավիական, սուննի ու քրդական: Հայտնի չէ, թե որ մասում կընդգրկվեն այն շրջանները, որտեղ կոմպակտ հայ բնակչություն կա կամ կար: Լաթաքիան ավանդաբար համարվում է ալավիների բնօրրանը:

Փաստորեն, Սիրիայի բաժանման վերաբերյալ սկզբունքային համաձայնություն կա, եւ պլան Ա-ն տարբերվում է Բ-ից միայն զորքերի մուտքով: Հրադադարն էլ հայտարարվել է, որ Ռուսաստանը դուրս գա պատերազմից՝ պահելով դեմքը եւ զերծ պահելով Ասադին Կադդաֆիի ճակատագրից: Սակայն եթե ինչ-որ մեկի պատճառով հրադադարը խախտվի, ԱՄՆ-ին այլեւս ոչ ոք չի կանգնեցնի:

Հետաքրքիր է Թուրքիայի դիրքորոշումը, որը փաստորեն դատարկաձեռն է մնում: Եթե Սիրիայում քրդական միավոր ստեղծվի, եւ Սիրիայի ու Թուրքիայի սահմանը չանցնի Անկարայի վերահսկողության տակ, ապա Թուրքիան իր սահմանների մոտ պետություն կունենա, որը հավակնություններ կներկայացնի իր տարածքների նկատմամբ:

Էրդողանը նյարդայնանում է՝ փորձելով փրկել իր ուժերը Սիրիայում: Ջումհուրիյեթ թերթը գրում է, որ Էրդողանը դժգոհություն է հայտնել, որ «Ջաբհաթ ան-Նուսրա» կազմակերպությունը չի ընդգրկվել հրադադարի նախագծում: Ինչպես հայտնի է, Թուրքիայի կողմից աջակցվող ահաբեկչական այդ խմբավորման, ինչպես նաեւ ԻՊ վրա հրադադարը չի տարածվելու, նրանց դեմ պայքարը շարունակվելու է:

Սիրիայի ֆեդերալացման ծրագիրը կարող է հանգեցնել Մերձավոր Արեւելքում սահմանների պայմանագրային հիմքի վերանայման, իսկ այդ պայմանագրերը ստորագրվել են Առաջին համաշխարհային պատերազմից ու Օսմանյան կայսրության փլուզումից հետո:

Պայմանագրերի վերանայումը լայն հնարավորություններ է բացում բոլոր երկրների համար, որոնք տուժել են դրանց արդյունքում: Այդ թվում՝ Հայաստանի, որը մինչ այժմ պաշտոնապես չի ճանաչել Թուրքիայի հետ սահմանը:

lragir.am

26/2/2016