Թուրքիայի էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարները հանդիպումներ են անցկացրել Քաթարում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i64684-Թուրքիայի_էկոնոմիկայի_և_արտաքին_գործերի_նախարարները_հանդիպումներ_են_անցկացրել_Քաթարում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին նախօրեին աշխատանքային այցով գտնվել են Քաթարում, այս մասին հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2017 07:51 Asia/Tehran
  • Թուրքիայի էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարները հանդիպումներ են անցկացրել Քաթարում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին նախօրեին աշխատանքային այցով գտնվել են Քաթարում, այս մասին հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։

Թուրք նախարարներն իրենց քաթարցի պաշտոնակիցների հետ քննարկել են Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակն ու ներկայացրել Թուրքիայի կողմից գործադրվող ջանքերը Քաթարին աջակցելու ուղղությամբ։

Քառասուն րոպեանոց դռնփակ հանդիպումից հետո Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զեյբեկչին նույն օրը մեկնել է Քուվեյթ։ Հետաքրքրական է, որ Քուվեյթ այցը նախապես ծրագրված չի եղել և ըստ լրատվամիջոցների՝ Զեյբեկչիի կողմից կայացվել է քաթարյան 40 րոպեանոց բանակցություններից անմիջապես հետո։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարության մեջ անհնարին է համարել Քաթարի իշխանությունների կապն ահաբեկչական խմբավորումների հետ և հայտարարել, որ եթե նման բան լիներ՝ Թուրքիան առաջինը պայքար կսկսեր նրանց դեմ:

Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը: Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: Ավելի ուշ Քաթարի դեմ արշավին միացել են նաև այլ երկրներ։

Tert.am