Իսրայելը սկսել է իր ամենախոշոր օդային զորավարժությունները
Իսրայելը սկսել է իր ամենախոշոր օդային զորավարժությունները՝ Հնդկաստանի և ևս յոթ երկրի մասնակցությամբ, հայտնում է Times of Israel-ը:
«Կապույտ դրոշ» անվանումը ստացած զորավարժությունը մեկնարկել է կիրակի, Իսրայելի օդուժի «Ուվդա» բազայում:
Իսրայելի ռազմական գերատեսչության համաձայն՝ Հնդկաստանն առաջին անգամ է մասնակցում 11 օր տևողությամբ զորավարժությանն իր C-130J ինքնաթիռով: Այլ երկրներ ուղարկել են կործանիչներ, տրանսպորտային և վերալիցքավորող ինքնաթիռներ:
Զորավարժությանը նաև մասնակցում են Միացյալ Նահանգների, Հունաստանի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի թիմերը, ինչպես նաև ևս մի երկիր, որի անունն Իսրայելը հրաժարվել է նշել:
Իսրայելական բանակի համաձայն՝ զորավարժությունների նպատակն է բարելավել տեխնիկական հնարավորությունները և ուժեղացնել երկրների միջև դիվանագիտական համագործակցությունը:
Թել Ավիվի պնդմամբ՝ 2017 թվականի զորավարժությունների նախապատրաստությունները սկսվել էին դեռևս մեկ տարի առաջ։
Tert.am