Սիրիական հակամարտությունը՝ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի բանակցությունների գլխավոր թեմա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i7891-Սիրիական_հակամարտությունը_ԱՄՆ_ի_և_Սաուդյան_Արաբիայի_բանակցությունների_գլխավոր_թեմա
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սաուդյան Արաբիայում բանակցություններ է անցկացրել սաուդական ղեկավարության հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ պետքարտուղարությունը, բանակցությունների գլխավոր թեմաները Սիրիան և Եմենն են եղել: Երկու հակամարտություններում էլ Էլ-Ռիադն իր դերակատարումն ունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2016 12:08 Asia/Tehran
  • Սիրիական հակամարտությունը՝ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի բանակցությունների գլխավոր թեմա

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սաուդյան Արաբիայում բանակցություններ է անցկացրել սաուդական ղեկավարության հետ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ պետքարտուղարությունը, բանակցությունների գլխավոր թեմաները Սիրիան և Եմենն են եղել: Երկու հակամարտություններում էլ Էլ-Ռիադն իր դերակատարումն ունի:

Քերին հանդիպել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բն Աբդել Ազիզի հետ, իսկ այսօր առավոտյան կայացել է նրա հանդիպումը սաուդական միապետության արտգործնախարար Ադել Ալ-Ջուբեյրի հետ: Հանդիպումից հետո Քերին մի շարք հայտարարություններ է արել սիրիական հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Ինչպես տեղեկացնում է Reutersգործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է, որ Սիրիայում զինված գործողությունների դադարեցման ռեժիմին հետևող ռուս և ամերիկացի դիտորդներն այսօր հանդիպելու են Ժնևում և Ամմանում: Իր հերթին, Քերին մտադիր է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

ԱՄՆ պետքարտուղարը նաև հայտնել է, որ սիրիական կառավարության և ընդդիմության պատվիրակությունների միջև մարտի 14-ին նախատեսվող հանդիպումը կայանալու է՝ չնայած զինված գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումներին: Քերին և Ադել Ալ-Ջուբեյրը հայտարարել են, որ հանդիպման ներկաները պայմանավորվել են ջանքեր գործադրել սիրիական բանակցությունների խթանման ուղղությամբ:

Պետք է նշել, սակայն, որ Ժնևում բանակցությունների նախորդ փուլին սիրիական ընդդիմությունը ներկայացնող Բանակցությունների բարձրագույն հանձնաժողովը միանշանակ դիրքորոշում չունի բանակցություններին իր մասնակցության հարցում: Հանձնաժողովը հայտարարում է, որ սիրիական կառավարությունը շարունակաբար խախտում է զինված գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը:

Սաուդական լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ պետքարտուղարի և Սաուդյան Արաբիայի թագավորի հանդիպումը նվիրված էր երկկողմ հարաբերությունների քննարկմանը: Օրինակ, Saudi Gazette-ը նշում է, որ հանդիպման ընթացքում կողմերը «քննարկել են երկու բարեկամ երկրների միջև երկկողմ հարաբերությունները»:

Իրականում Քերիի այցի ժամկետը չի կարող պատահաբար ընտված լինել: Ինչպես Մոսկվան, այնպես էլ Վաշինգտոնը սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու և սրանով իրենց հեղինակությունը բարձր պահելու խնդիր ունեն: Իսկ այս տեսանկյունից միջսիրիական բանակցությունների կազմակերպումն առանձնակի նշանակություն ունի, քանի որ դրանց բացակայության դեպքում Սիրիայում զինված գործողությունների դադարեցումը չի կարող երկար տևել:

Մյուս կողմից, ԱՄՆ-ը պետք է սիրիական կարգավորման գործընթացում հաջորդ քայլերը ձեռնարկելուց առաջ իր գործողությունների շրջանակ վերադարձնի սիրիական ճգնաժամում մեծապես ներգրավված մերձավորարևելյան իր երկու դաշնակիցներին՝ Թուրքիային և Սաուդյան Արաբիային: Այս երկու երկրները իրենց սիրիական քաղաքականության մեջ վերջին շրջանում էականորեն շեղվում ամերիկյան գծից, ինչը չի կարող չհարուցել Վաշինգտոնի դժգոհությունը:

armedia.am

12/3/2016