Բաշար Ալ-Ջաըֆարի. Դամասկոսը կմասնակցի Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության համագումարին
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ալ-Ջաըֆարին ասել է. «Դամասկոսի ներկայացուցիչները կմասնակցեն հունվարի վերջին Ռուսաստանի Սոչիում գումարվելիք Սիրիայի ազգային երկխոսության համագումարին»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն Բաշար Ալ-Ջաըֆարին ուրբաթ գիշեր Աստանայում Սիրիայի խաղաղության բանակցությունների 8-րդ նստաշրջանի ավարտին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է. «Երաշխավորող երեք երկրների՝ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածության համաձայն՝ Սիրիական ազգային երկխոսության համագումարը հունվարի 29-ին և 30-ին գումարվելու է Ռուսաստանի Սոչի քաղաքում»:
«Սիրիան իր ամբողջ ջանքն ի գործ կդնի այս համագումարի կազմակերպման ուղղությամբ»,-հավելել է Բաշար Ալ-Ջաըֆարին, ազգային երկխոսության համագումարը սիրիական բոլոր խմբերի միջև երկխոսության համար հարմար ենթահող համարելով:
Աստանա քաղաքում գումարված Սիրիայի խաղաղության բանակցությունների 8-րդ նստաշրջանն ուրբաթ երեկոյան ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հրապարակած համատեղ հայտարարությամբ ավարտեց իր աշխատանքը:
Համատեղ հաղորդագրության մեջ ԻԻՀ-ի, Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներն ընդգծել են ահաբեկչական խմբերին, այդ թվում ԻԼԻՊ ահաբեկչական խմբին վերջնականապես արմատախիլ անելու և ահաբեկիչների փոխադրումը Սիրիա կանխելու ուղղությամբ իրենց վճռակամությունը: