Սաուդյան Արաբիայում 11 արքայազն է ձերբակալվել. ԶԼՄ-ներ
Սաուդյան Արաբիայի թագավորական գվարդիան 11 արքայազն է ձերբակալել թագավորական պալատում բողոքի ցույցից հետո, հայտնում է Reuters գործակալությունը: Այդ մասին տեղեկությունը հայտնել է «Սաբկ» սաուդյան ինտերնետային թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Թերթի տվյալներով՝ բողոքի ցույցին մասնակցող միապետական ընտանիքի անդամները պահանջում էին չեղարկել թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հրամանը, որի համաձայն դադարեցվում է ջրի և էլեկտրականության համար արքայազնների հաշիվների վճարումը: Արքայազնները նաև հայտարարել են, որ ցանկանում են դրամական փոխհատուցում ստանալ իրենց եղբայրներից մեկի մահապատժի համար:Թագավորական գվարդիան ձերբակալել է ցուցարարներին այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են հեռանալ պալատից: Այս պահին արքայազնները պահվում են «Էլ-Խայր» բանտում՝ սպասելով դատավարությանը:Նոյեմբերի սկզբին Սաուդյան Արաբիայի՝ կոռուպցիայի դեմ պայքարի նոր կոմիտեն, որը գլխավորում է թագավորոթյան թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը, հրահանգել է ձերբակալել իշխող ընտանիքի 11 արքայազնների և կառավարության ներկայիս կազմից չորս նախարարի: Քննության ընթացքում, ինչպես դեկտեմբերի սկզբին հայտնել է թագավորության գլխավոր դատախազությունը, հարցաքննվել է 320 մարդ, սառեցվել է ավելի քան երկու հազար բանկային հաշիվ:
tert.am/