Սոչիում գումարված Սիրիայի ազգային երկխոսության համաժողովն ամփոփեց իր աշխատանքները
Սոչիում գումարված «Սիրիայի ազգային երկխոսության համաժողով» միջազգային նստաշրջանը, ամփոփիչ հաղորդագրության ընթերցմամբ, երեքշաբթի երեկոյան ավարտեց իր աշխատանքը:
Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, հաղորդագրության մեջ ընդգծվել է Սիրիայի տարածքային ամբողջականության ու ազգային ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը: «Սիրիայի ժողովուրդը միակն է, որ ժողովրդավարական միջոցների ու քվեատուփերի օգնությամբ որոշելու է այդ երկրի ապագան». ասված է հաղորդագրության մեջ:
Սոչիի հաղորդագրության համաձայն, Սիրիայի բանակը պիտի պահպանվի, որպեսզի կարողանա կատարել սահմանադրությամբ իրեն վստահված պարտականությունները, որոնց մեջ են մտնում արտաքին ցանկացած սպառնալիքի դիմաց սահմանների ու ժողովրդի պաշտպանությունը:
Հաղորդագրության մեջ նաև ընդգծվել է կառավարության և սիրիական ընդդիմության մասնակցությամբ սահմանադրական կոմիտեի ձևավորման անհրաժեշտությունը, որի նպատակն է լինելու սահմանադրական այնպիսի բարեփոխումների իրագործումը, որոնք խթան կհանդիսանան ՄԱԿ-ի վերահսկողության ներքո և ԱԽ-ի թիվ 2254 բանաձևի համաձայն Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար:
Սոչիի նստաշրջանի ամփոփիչ հաղորդագրությունը նաև դատապարտել է ահաբեկչության, կարծրամտության, ծայրահեղականության ու աղանդավորության ցանկացած տեսակի դրսևորում և ընդգծել դրանց դեմ ակտիվ պայքար մղելու նշանակությունը:
Սիրիայի ազգային երկխոսության համաժողովը հունվարի 29-ին և 30-ին գումարվեց Ռուսաստանի Սոչի քաղաքում: