30 հազար ուժեր ապահովելու են Քյարբալայում ուխտավորների անվտանգությունը
Էմամ Հոսեյնի ուխտավորների անվտանգությունն ապահովելու և նրանց ծառայություն մատուցելու համար անվտանգության ուժերի 30000 ծառայողներ պատրաստ դրության մեջ են:
Համաձայն «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման Միջին Եփրատի օպերատիվ հրամանատար Ղեյս Ալ-Մոհամադավին ասել է. «Զորամիավորներն այս տարի իրենց աշխատանքը սկսել են շատ ավելի շուտ և ծանոթանալով իրենց պարտավորություններին, տեղակայվել են տարբեր տարածքներում»:
«Իրաքի բանակի, ոստիկանության, սահմանապահ և «Ալ-Հաշդ Ալ-Շաաբ»-ի ուժերի միջև բարձր մակարդակով համադրումներ են արվել»,-հավելել է Ալ-Մոհամմադավին:
Հաղորդման համաձայն, այս տարի Իրաքից, նաև արաբական ու իսլամական երկրներից, այդ թվում Իրանից, Լիբանանից, Պակիստանից ու Հնդկաստանից մեծ թվով ուխտավորներ, սգո հանդիսություններին մասնակցելու նպատակով, ժամանել են Քյարբալա:
Հոսեյնի Աշուրայի արարողությունն ամեն տարի միլիոնավոր ուխտավորների մասնակցությամբ կազմակերպվում է Քյարբալայում:
Սեպտեմբերի 20-ը՝ մոհառամ ամսվա 10-ը, Հոսեյնի Աշուրան է: