Գերմանիայում հսկողության տակ է գտնվում մոտ 90 ոչ պաշտոնական մզկիթ
Գերմանիայում իշխանությունների կողմից հսկողության տակ է պահվում մոտ 90 մզկիթ: Այս մասին հայտնել է Սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության ղեկավար Հանս-Գեորգ Մասենը: Նրա խոսքերով՝ հիմնականում խոսքը գնում է արաբական ոչ պաշտոնական մզկիթների մասին, որտեղ մուսուլմանները ջիհադի կոչեր են հնչեցնում:
Մասենն ընդգծել է, որ իր գերատեսչությունը հետեւում է Գերմանիայում ոչ բոլոր մուսուլմաններին, այլ միայն կրոնական եւ քաղաքական ծայրահեղականներին, ինչպես նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներին:
«Մեզ՝ Գերմանիայում անհրաժեշտ է ծայրահեղականության դեմ դաշինք, եւ դրա համար մեզ անհրաժեշտ են չափավոր մահմեդականները, ովքեր պատրաստ են պայքարել ծայրահեղականության դեմ սահմանադրական շրջանակներում»,- ասել է նա:
Ավելի վաղ, ապրիլին Մասենը հայտարարել էր, որ Գերմանիան գտնվում է ԻՊ-ի ջիհադիստների թիրախում: Նա իրավիճակն անվանել էր բավականին լուրջ, բայց նախատեսվող հարձակումների մասին կոնկրետ տեղեկատվություն չի ներկայացրել: Գերատեսչության ղեկավարի կարծիքով իսլամիստական ահաբեկիչների «կադրային ներուժը» երկրում կազմում է մոտ 1100 մարդ:
Deutsche Welle
3/5/2016