ՄԽ համանախագահ երկրներն անընդունելի են համարել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը սահմանային վեճերի լուծման հարցում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանն իրենց աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերականգնմանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ հայտարարության մեջ:
Համանախագահ երկրների հայտարարության մեջ ասվում է. «Համանախագահ երկրները կոչ են անում կողմերին շարունակել սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում կայացած հանդիպումներով սկսած երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարության մակարդակով՝ նպաստելու տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունը:
Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից ու ամբողջությամբ կյանքի կոչել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի եռակողմ հայտարարությամբ ստանձնած և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությամբ վերահաստատած հանձնառությունները, ինչպես նաև համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունները հրադադարի վերաբերյալ։ Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ հստակ առաջընթաց գրանցելու հումանիտար հարցերում, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական ու մշակութային վայրերի պահպանության վերաբերյալ, ինչպես նաև կառուցողական աշխատանքներ տանել՝ այլ կարևոր խնդիրների կարգավորման նպատակով, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան, տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումը: Համանախագահ երկրները նաև մտահոգությամբ են նշում հայ-ադրբեջանական չսահմանազատված սահմանին վերջին միջադեպերը և վերահաստատում են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է։ Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ հակամարտությունից տուժած տարածքներ և դեպի բնակչություն հասանելիության հետ կապված բոլոր սահմանափակումները:
Համանախագահ երկրները խրախուսում են կողմերին ընդունել համանախագահներին տարածաշրջանում որքան հնարավոր է շուտ՝ թույլ տալու նրանց առաջին ձեռքից տեղում գնահատել իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցել վերը նշված հանդիպումներում քննարկված մարդասիրական նախաձեռնությունների կյանքի կոչման գործում և համաձայնություն ձեռք բերել հետագա գործունեության օրակարգի շուրջ: Նրանք նաև վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը տարածաշրջանում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական աշխատանքին և կողմերին խրախուսում են լիարժեք համագործակցել նրա հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած բոլոր խնդիրների համար՝ իրենց մանդատի համաձայն՝ ապահովելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագան»:
armenpress.am