ԵԱՀԿ-ն Ադրբեջանին և ՀՀ-ին կոչ է արել զերծ մնալ ուժի կիրառումից
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը` ԵԱՀԿ-ն, կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից, և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։
Այդ մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ ԵԱՀԿ գործող նախագահի խոսնակ, ԵԱՀԿ-ում Լեհաստանի մշտականան առաքելության երկրորդ քարտուղար Բարտոշ Կեմպինսկուն հղումով. նա պատասխանել է հարցին, թե ինչպե՞ս է ԵԱՀԿ նախագահությունը գնահատում հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ռազմական սադրանքն ու հրադադարի խախտումները, որոնց հետևանքով հայկական կողմը զոհեր ունի (ըստ ՊՆ-ի՝ 3 զոհ)։
«Մենք ուշադրությամբ մշտադիտարկում ենք իրադրությունը Հարավային Կովկասում։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ ուժի կիրառումից և բովանդակալից երկխոսության մեջ մտնել Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելու համար։ Լեհաստանը, որպես ԵԱՀԿ նախագահող, մտադիր է աշխատելու գործընկերների հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանը և կայուն զարգացմանը միտված մեր ջանքերը նորացնելու և ամրապնդելու նպատակով։ Այդ առումով մենք աջակցելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին», - նշել է ԵԱՀԿ գործող նախագահի խոսնակը։
Հունվարի 11-ին, ժամը 15։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը։ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր։
panarmenian.net