Լոնդոնում թանկացումների դեմ ակցիաներ են. պահանջում են վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականը
Լոնդոնում National Assembly շարժման ակտիվիստները հակակառավարական ցույց են անցկացնում` բողոքելովէլեկտրաէներգիայի և գազի գների կտրուկ թանկացումից։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, ակցիայի մասնակիցները հավաքվել են Դաունինգ սթրիթում գտնվող կառավարական նստավայրի դիմաց՝ պահանջելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Պահպանողական կուսակցության կառավարության հրաժարականը։
National Assembly շարժումը նախապես հայտարարել էր, որ ծրագրում է թանկացումների դեմ ցույցեր անցկացնել բրիտանական 25 քաղաքում, այդ թվում՝ Լոնդոնում, Լիվերպուլում և Մանչեստրում։
Բողոքի ակցիաները տեղի են ունենում գազի եւ էլեկտրաէներգիայի գնի 54 տոկոսանոց թանկացման ֆոնին։ Բրիտանիայում գազի նոր սակագնի մասին որոշումն ընդունվել էր փետրվարի սկզբին՝ գազի համաշխարհային գների կտրուկ թանկացման պատճառով, բայց ուժի մեջ է մտել ապրիլի 1-ից։ Էլեկտրաէներգիայի սակագինն էլ շարքային սպառողների համար ավելացել է տարեկան միջինը 700 ֆունտով և տարվա համար կկազմի մոտ 2000 ֆունտ։
Գազի ու Էներգակիրների գների աճի ֆոնին Բրիտանիայում փետրվարին տարեկան գնաճը հասել է վերջին 30 տարվա ռեկորդային մակարդակի՝ 6,2%–ի։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ թանկացումների պատճառով բրիտանացիների 51%-ը սկսել է ավելի քիչ ծախսել ոչ հիմնական ապրանքների վրա, 34%-ը տանը քիչ գազ կամ էլեկտրաէներգիա է օգտագործում, 31%-ը խնայում է սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների վրա։
armeniasputnik.am