Մինսկի խմբի անգործության դրական պահը՝ կողմերը սկսել են շփվել անմիջականորեն
(last modified Thu, 14 Apr 2022 14:30:05 GMT )
Ապրիլ 14, 2022 19:00 Asia/Tehran
  • Մինսկի խմբի անգործության դրական պահը՝ կողմերը սկսել են շփվել անմիջականորեն

Նրանք, ովքեր ջանում են ապացուցել, թե ոչինչ էլ չի եղել և Մինսկի խումբն առաջվա պես շարունակում է իր միջնորդական առաքելությունը, փաստում են՝ երբեք պաշտոնապես չի հայտարարվել խմբի լուծարման մասին, ուրեմն այն հաստատ կա։ Եվ ինչպե՞ս կարելի է գուժել այդ խմբի մահը, երբ դրա ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահները արդեն այցելել են Հայաստան, ամերիկացին էլ շուտով գալու է։

Մինչդեռ այն վերլուծաբանները և քաղաքագետները, որոնք հոռետեսորեն են տրամադրված, Մինսկի խմբի աշխատանքի առնվազն ժամանակավոր դադարեցման ապացույց են համարում հենց այն, որ նրա անդամները ոչ թե առաջվա պես միասին, այլ առանձին-առանձին են ժամանում տարածաշրջան։

"Է, եթե երեք տերությունների ներկայացուցիչները նույնիսկ միմյանցից են խուսափում, կներե′ք, այդ ինչպե՞ս պիտի հաշտեցնեն Հայաստանին և Ադրբեջանին, հարց են տալիս շատերը։ Եվ ի դեպ, պատերազմից հետո միջնորդներից որևէ մեկը իսկի Արցախում էլ չի եղել, փաստում են ոմանք, թեև այդ նույն հարցադրումը կարելի է հասցեագրել նաև Հայաստանի ղեկավարներին"։

Թե ինչպես հասանք այս օրին, երբ տասնամյակներ շարունակ աշխատող և նորանոր առաջարկներ բերող կառույցի գոյությունն իսկ վիճաբանության առարկա է դարձել, տարբեր կարծիքներ կան։ Ոմանք պնդում են, թե պատճառը Ուկրաինայում ծավալվող գործողություններն են, որոնց հետևանքով կտրուկ սրվել են Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները։ Մյուսներն ասում են՝ բա ուրիշ ի՞նչ էիք սպասում, երբ Հայաստանի ղեկավարը հայտարարում է, թե զրոյից է սկսում բանակցությունները, հետո էլ փաստորեն կանխորոշում է կարգավիճակի շուրջ ընթացող ծանր քննարկումների ընթացքը և հրապարակավ պնդում՝ «Արցախը Հայաստան է, և վե′րջ»։

Էլ չեմ ասում, որ պատերազմից հետո էլ Ադրբեջանի ղեկավարն է կարծիք հայտնում, թե Ղարաբաղի հիմնահարցը արդեն լուծված է, և կարգավիճակի մասին խոսելն անիմաստ է։ Դուք լինեիք Մինսկի խմբի համանախագահների տեղում, չէի՞ք տարակուսի՝ բա լա′վ, այսքանից հետո մեր դերը ո՞րն է։

Հիմա շատերը փորձում են գուշակել միջնորդների ապագան և մի քանի սցենար ներկայացնում։ Մի տարբերակն այն է, որ Մինսկի խմբի համանախագահները, այնուամենայնիվ, որոշ ժամանակից կվերսկսեն իրենց բնականոն աշխատանքը։ Սա առաջին հերթին Հայաստանի իշխանությունների ուզածն է, որովհետև Ադրբեջանը մշտապես քննադատել է միջնորդների գործունեությունը, հիմա էլ բացարձակ որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում նրանց առաքելության վերականգնման նկատմամբ։ Այնուամենայնիվ, որոշ մեկնաբաններ կարծում են, որ Մինսկի խմբի աշխատանքը կարող է վերսկսվել, երբ խաղաղություն հաստատվի Ուկրաինայում և մարեն միջազգային հույզերը։ Բայց թե երբ տեղի կունենա դա, ինչպես ասում են՝ մեկ միլիոն դոլարանոց հարց է։

Կա նաև էսպիսի տարբերակ։ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը պաշտոնապես լուծարվում է, և միջնորդական համատեղ առաքելությունն իրականացվում է բոլորովին այլ միջազգային կառույցի հովանու ներքո։ Օրինակ, ՄԱԿ-ի անմիջական մասնակցությամբ և ֆինանսավորմամբ։ Բայց դեռ շատ մեծ հարց է՝ իսկ արդյոք ՄԱԿ-ը կցանկանա՞ շարունակել այն գործընթացը, որը սկսվեց 30 տարի առաջ՝ պատերազմի ժամանակ, և տարիների ոչ դյուրին բանակցություններից հետո կրկին պատերազմով ավարտվեց։ Շատերը խիստ կասկածում են։

Գոյություն ունի նաև, այսպես ասենք, տրամաբանական տարբերակ, ըստ որի, միջնորդի պարտականությունը ստանձնում է Ռուսաստանը։ Համաձայնե′ք, իրոք տրամաբանական է թվում՝ եթե ռուսաստանցի խաղաղապահներն են ապահովում Արցախի անվտանգությունը, ինչո՞ւ պիտի Ռուսաստանը նաև միջնորդ չլինի։ Բայց այս դեպքում բազմաթիվ հարցեր են ծագում՝ արդյոք հիմա Ռուսաստանը, որը գործողություն է իրականացնում Ուկրաինայում, կցանկանա՞ ևս մի բեռ վերցնել իր ուսերին։ Կամ՝ իսկ արդյոք ռուսաստանցի խաղաղապահները երեք տարի անց էլ կմնան այստեղ, եթե Ադրբեջանը դրան դեմ լինի։ Եվ վերջապես, Բաքուն կարող է ասել՝ ընդունում եմ Ռուսաստանի միջնորդական առաքելությունը, բայց միայն մի դեպքում՝ եթե դրան միանա նաև Թուրքիան։

Եվ վերջապես չորրորդ տարբերակը՝ միջնորդի դերը ստանձնում է Եվրամիությունը, որի ղեկավարներից մեկը վերջերս կազմակերպել էր Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը Բրյուսելում։ Եվրամիությունը խաղաղարար ջանքերի պատկառելի փորձ ունի։ Առաջին առաքելությունը մոտ 20 տարի առաջ էր՝ 2003 թվականին Բոսնիայում և Հերցեգովինայում, այնուհետև՝ Մակեդոնիայում։ Դրանից հետո Եվրամիությունը 34 առաքելություն և գործողություն է իրականացրել երեք մայրցամաքներում։

Մի խոսքով, տարբերակները շատ են, բայց գոյություն ունի նաև այսպիսի հնարավորություն՝ կարգավորել երկու երկրների հարաբերություններն ընդհանրապես առանց միջնորդների։ Այն, որ մի քանի օր առաջ, փաստորեն առաջին անգամ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսով շփվել են հենց՝ առանց միջնորդների, համաձայնե′ք, շատ որոշակի հույսեր է ներշնչում։ Չէ՞ որ ի վերջո երկարատև խաղաղության ճարտարապետները միայն ու միայն հակամարտության անմիջական կողմերն են լինելու։

 armeniasputnik.am

Պիտակ