Ալիև․ ԵԱՀԿ ՄԽ-ն ոչ թե ԼՂ հարցը լուծելու համար էր, այլ «Ադրբեջանի տարածքների օկուպացիան հավերաժցնելու»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված էր ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այլ «Ադրբեջանի տարածքների օկուպացիան հավերժացնելուն»։
«Միջնորդների մասով նշեմ, որ, ցավոք, հիմա էլ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Մինսկի խմբի մասին։ Կարծում եմ՝ դատարկ և ոչ մի նշանակություն չունեցող բան է։ Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019-ին։ Եթե նայենք այդ խմբի առաջարկների պատմությանը, ապա ևս մեկ անգամ կտեսնենք, որ այն չի ստեղծվել այս խնդիրը լուծելու համար։ Այն ստեղծվել է ադրբեջանական տարածքների օկուպացիան հավերժացնելու համար», - ասել է նա աշխարհի ադրբեջանցիների համագումարում, որն անցնում է Շուշիում, հայտնում է Interfax.az-ը։
Ըստ Ադրբեջանի նախագահի, ԵԱՀԿ ՄԽ-ն 28 տարվա մեջ արդյունք ցույց չի տվել, քանի որ հայկական լոբբին շատ հզոր է համանախագահ երկրներում։
«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ է լինելու ԵԱՀԿ ՄԽ հետ։ Ես ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 2022 թվականին կնշի իր 30-ամյակը, իսկ հետո թոշակի կանցնի։ Բայց ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո նրանք նույնիսկ հոբելյանը նշելու հնարավորություն չունեն», - ասել է Ալիևը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու պատրաստակամության մասին չեն հայտնել։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու էր անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։ «Ինչ վերաբերում է ԵԱՀ Մինսկի խմբի գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ), ես չգիտեմ, ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,-ասել էր նա։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի աշխատանքը ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերում։
panarmenian.net