Վաշինգտոնը և Փարիզը խզել են կապը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ. Մարիա Զախարովա
(last modified Wed, 22 Jun 2022 12:00:57 GMT )
Հունիս 22, 2022 16:30 Asia/Tehran
  • Վաշինգտոնը և Փարիզը խզել են կապը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի  համանախագահի հետ. Մարիա Զախարովա

Պաշտոնական Մոսկվան կասկածում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցությունը շարունակելու մասին Վաշինգտոնի հայտարարության անկեղծությանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այդ մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրի հարցին ի պատասխան մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերըն Դոնֆրիդի խոսքերը:

«Եթե Վաշինգտոնը և Փարիզը իսկապես կարևոր համարեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա չէին անտեսի ԵԱՀԿ-ի բոլոր մասնակից պետությունների կողմից հաստատված մանդատը և փետրվարի 24-ին ցուցադրաբար, առանց որևէ խորհրդակցության, չէին խզի կապերը Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռանախագահների աշխատանքին անդառնալի վնաս է հասցվել: Իսկ հիմա նրանք նման բաներ են հայտարարում», - ասաց ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Զախարովայի խոսքով՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան մինչ օրս չեն տվել որևէ հստակ բացատրություն տվյալ «վրդովեցուցիչ քայլի» վերաբերյալ, և նմանապես չկա որևէ երաշխիք, որ նմանատիպ «անպատասխանատու» գործողությունները չեն կրկնվի:

«Հնարավոր չէ ձևացնել, թե ոչինչ չի եղել, այլ պետք է հաշվի առնել նոր իրողությունները: Ես կարծում եմ, որ նպատակը մեզ մեկուսացման մեջ դնելն էր, բայց հաշվարկը կրկին սխալ էր: Ռուսաստանը ամենից շատն է շահագրգռված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ և չի կարող թույլ տալ, որ առանձին արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խաթարեն տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված՝ առանց այդ էլ բարդ ջանքերը», - հավելել է Մարիա Զախարովան:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլին հայտարարել էր, թե ամերիկացի և ֆրանսիացի գործընկերները չեղարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ հայտարարելով, որ չեն շփվելու Ռուսաստանի հետ այդ ձևաչափով: Սակայն Վաշինգտոնը և Փարիզը իրենց հետագա հայտարարություններով չէին հաստատել Լավրովի խոսքերը:

Հունիսի 18-19-ը տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, որ Միացյալ Նահանգները աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացին և շարունակում է հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է՝ հատկապես Լեռնային Ղարաբաղի հարցում: Ճշտող հարցին՝ համագործակցելո՞վ Ռուսաստանի հետ, փոխպետքարտուղարը պատասխանել էր. «Այո՛, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է: Այնպես որ՝ այո՛: Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը»:

armenpress.am

Պիտակ