Թուրքիայի զեկույցն Իրաքում իրականացրած եռամսյա ռազմական գործողությունների վերաբերյալ
Թուրքիան հայտնել է վերջին երեք ամիսների ընթացքում Իրաքի հյուսիսային հատվածում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) 290 անդամների սպանության մասին։
Թուրքիան PKK-ին ներառել է ահաբեկչական խմբավորումների ցուցակում և Իրաքից բացի, այս կուսակցության դեմ պայքարի պատրվակով թիրախավորում է նաև Սիրիայի հյուսիսը։ Սիրիայի իշխանություններն ու ժողովուրդը նույնպես բազմիցս բողոքել են թուրքական բանակի ռազմական գործողությունների դեմ։
Վերջին օրերին թուրքական բանակի հարձակումների ժամանակ իրաքցի խաղաղ բնակիչների սպանությունը բողոքի լայն ալիք է բարձրացրել Իրաքում: Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ բողոքել են Իրաքի կառավարությունն ու ժողովուրդը: Իրաքը Թուրքիայի ռազմական գործողությունների վերաբերյալ իր բողոքն է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ երեք ամիսների ընթացքում իրականացված գործողության ընթացքում սպանվել է 290 ահաբեկիչ, և ոչնչացվել PKK-ի 330 թաքստոց։
Չորեքշաբթի կեսօրին Դոհուկ նահանգի Զախո քաղաքի հանգստավայրերից մեկի վրա Թուրքիայի հրետանային հարձակման հետևանքով զոհվել է Իրաքի 9 քաղաքացի, ևս 22-ը վիրավորվել են։
Իրաքցիներն այս հարձակման դեմ բողոքի ցույցեր են անցկացրել Բաղդադում Թուրքիայի դեսպանատան դիմաց։